Մի քանի ամիս շարունակ ԱՄՆ-ն օգնել է Ուկրաինային՝ հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին՝ տնտեսական ճնշման և Վլադիմիր Պուտինին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համատեղ ջանքերի շրջանակում, գրում է Financial Times-ը։

Ամերիկյան հետախուզությունն աջակցել է Կիևին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ռուսաստանյան էներգետիկ օբյեկտներին հարվածելու գործում, այդ թվում՝ նավթավերամշակման գործարաններին, որոնք գտնվում են ճակատային գծից հեռու, հայտնում է թերթը՝ հղում անելով ուկրաինացի և ամերիկացի անանուն պաշտոնյաների, որոնք ծանոթ են գործողության ընթացքին։

Թերթը նշում է, որ ԱՄՆ հետախուզությունը օգնում է Ուկրաինային՝ մշակելու հարվածների երթուղիները, թռիչքի բարձրությունը, ժամկետները և առաքելության որոշումները, ինչը թույլ է տալիս ուկրաինական հեռահար անօդաչու թռչող սարքերին խուսափել ռուսական ՀՕՊ համակարգերից։

Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն մասնակցում է պլանավորման բոլոր փուլերին՝ ըստ երեք աղբյուրների, որոնք տեղյակ են գործողությունից։

Ամերիկացի պաշտոնյայի տվյալներով, Ուկրաինան ինքնուրույն ընտրել է հեռահար հարվածների թիրախները, իսկ Վաշինգտոնը տրամադրել է տվյալներ այդ օբյեկտների խոցելիության մասին։

Այս ամսվա սկզբին երկու ամերիկացի պաշտոնյաներ հայտնել են Reuters-ին, որ Վաշինգտոնը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել հետախուզական տվյալներ՝ Ռուսաստանի խորքում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ, քանի որ քննարկվում է Կիևին հեռահար հրթիռների տրամադրման հարցը։ Նրանց վկայությամբ, ԱՄՆ-ն նաև դիմել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ նմանատիպ աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։