Իսրայելի բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը տեսաուղերձում հայտարարել է, որ վերջին երկու տարիներին ՀԱՄԱՍ-ի վրա գործադրված ռազմական ճնշումը՝ զուգակցված «լրացուցիչ դիվանագիտական քայլերով», հանգեցրել է խմբավորման նկատմամբ «հաղթանակի», հաղորդում է Times of Israel-ը։
«Մենք շարունակելու ենք գործել՝ ձևավորելու անվտանգության այն իրականությունը, որը կապահովի, որ Գազայի հատվածից Իսրայելի և նրա քաղաքացիների համար վտանգ չլինի, – ասել է Զամիրը։- Պատանդներին վերադարձնելով՝ մենք հասնում ենք այն կարևոր նպատակներից մեկին, որի համար սկսել ենք պատերազմը։ Դա ազգային, բարոյական և հրեական պարտավորություն է»։
Զամիրը նշել է, որ «մարտի ընթացքում մեր զորքերի ու պատանդների անվտանգությունը գերակա նկատառում է եղել բոլոր գործողությունների ընթացքում»։ Նա ընդգծել է, որ բանակը գործել է «հստակ և պրոֆեսիոնալ, համակարգված և պատասխանատու»։ Ըստ նրա, կայացվել են բարդ որոշումներ՝ պատանդների անվտանգությանը չվնասելու և զինծառայողների կորուստները նվազագույնի հասցնելու համար։
Զամիրը հավելել է, որ Իսրայելը դեռ «մնացել է բազմաճակատ պատերազմի էպիկենտրոնում», իսկ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունները «փոխում են իրավիճակը Մերձավոր Արևելքում և մեր անվտանգության ռազմավարությունը առաջիկա տարիների համար»։





























