Հարավային Կարոլինայից հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը կիրակի օրը հայտարարել է, որ աջակցում է Սենատի քվեարկությանը՝ դաշնային կառավարության աշխատանքը վերսկսելու համար, սակայն հրաժարվում է դեմոկրատների հետ քննարկել մատչելի բժշկական օգնության մասին օրենքով (Obamacare) սուբսիդիաների երկարաձգման հարցը, քանի դեռ կառավարությունը փակ է։

«Ես պատրաստ եմ քվեարկել կառավարությունը հենց վաղը բացելու համար,– ասել է Գրեմը NBC News-ի Meet the Press հաղորդմանը տված հարցազրույցում։ – Բայց իմ դեմոկրատ ընկերներին ուզում եմ ասել՝ ես չեմ պատրաստվում քվեարկել այդ սուբսիդիաները երկարաձգելու համար»։

Ըստ նրա, առողջապահական քաղաքականությունը պետք է քննարկել նորմալ պայմաններում, այլ ոչ թե կառավարության աշխատանքի դադարեցման պայմաններում։

«Եկեք ռացիոնալ խոսակցություն վարենք, բայց ոչ այն ժամանակ, երբ կառավարությունը փակ է։ Որոշումը ձերն է։ Եթե ​​ուզում եք, որ այն փակ մնա, խնդրեմ։ Սա չի փոխի իմ մոտեցումը առողջապահության հարցին»,- ընդգծել է սենատորը։

Գրեմի հայտարարությունը հնչել է կառավարական «շաթդաունի» 12-րդ օրը, որի արդյունքում հարյուր հազարավոր դաշնային ծառայողներ գտնվում են հարկադրված արձակուրդներում, իսկ բազմաթիվ պետական հաստատություններ աշխատում են կրճատված կազմով կամ ընդհանրապես առանց անձնակազմի։

Ճգնաժամի պատճառը Սենատում ստեղծված փակուղին է, որտեղ հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողանում համաձայնության գալ կառավարության ժամանակավոր ֆինանսավորման շուրջ։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Սենատը արդեն մի քանի անգամ քվեարկել է հանրապետական ղեկավարության առաջարկի՝ օրինագծի շուրջ, որը երկարաձգում է ընթացիկ ֆինանսավորումը մինչև նոյեմբերի 21-ը և նախկինում հավանության է արժանացել Ներկայացուցիչների պալատի կողմից։ Սակայն դեմոկրատները բավարար չեն եղել 60 ձայնի շեմը հաղթահարելու և փաստաթուղթը ընդունելու համար։

Դեմոկրատները, իրենց հերթին, առաջարկել են այլընտրանքային տարբերակ՝ ժամանակավոր ֆինանսավորում մինչև հոկտեմբերի 31-ը, որը նաև նախատեսում է Medicaid ծրագրի կրճատումների չեղարկում, որոնք նախկինում ընդունվել էին հանրապետականների կողմից, և Obamacare-ի սուբսիդիաների երկարաձգում, որոնց գործողության ժամկետը լրանում է տարեվերջին։

Գրեմն ընդգծել է, որ իր համար անընդունելի է քննարկել այդ սուբսիդիաների երկարաձգումը, քանի դեռ կառավարությունը փակ է, և հիշեցրել է 2018–2019 թվականների ճգնաժամի մասին, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը և հանրապետականները փորձում էին միջոցներ հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար։

«Այդ ժամանակ մենք փակեցինք կառավարությունը 35 օրով՝ դեմոկրատներին ստիպելու ֆինանսավորել պատի կառուցումը։ Ի վերջո, պատը կառուցվեց, բայց ոչ այն պատճառով, որ մենք շաթդաուն կազմակերպեցինք»,– հիշեցրել է Գրեմը։

Նա նաև հռետորական հարց է տվել. «Եթե մատչելի բժշկական օգնության մասին օրենքն իսկապես բժշկությունը մատչելի է դարձնում, ապա ինչու՞ ենք ամեն անգամ 350 միլիարդ դոլար ծախսում այն պահպանելու համար»։