Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին անդամակցող կուսակցությունները այսօր` հունվարի 27-ին, միաձայն համաձայնության են եկել, որ Հայ ազգային կոնգրեսը դաշինքով պետք է մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մասնակցության ձեւաչափի շուրջ քննարկումները սկսել էին դեռ անցած շաբաթ: «Քննարկվել էր մասնակցության ձեւաչափը` իհարկե չբացառելով, որ փետրվար-մարտ ամիսներին մենք կարող ենք հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը` հավելելով, որ այսօր կայացած նիստում կոնսենսուսի են հանգել, եւ առաջիկա օրերին Հայ ազգային կոնգրեսը հայտարարի դաշինքով մասնակցելու մասին. «Դա խոսում է այն մասին, որ լուրջ խնդիրներ չեն եղել, հակառակ դեպքում համաձայնություն հնարավոր չէր լինի ձեռք բերել: Առաջիկայում կուսակցությունները ՀԱԿ քաղխորհրդին կներկայացնեն իրենց թեկնածուներին եւ ամեն կուսակցություն իր հստակ տեսակետը կարտահայտի»:
Ըստ տիկին Սարգսյանի, այսօրվա նիստում համամասնական ընտրացուցակի հարցը չի քննարկվել: «Ցուցակը չի քննարկվել, որ անհամաձայնություն լինի: Բնական է, 18 կուսակցություններ են, յուրաքանչյուրն իր մոտեցումներն ունի, եւ քննարկման արդյունքում ընդհանուր հայտարարի պիտի գան»,- նշեց ՍԴՀԿ ատենապետը` նկատելով, որ ներկայացվելու է նաեւ մեխանիզմը, թե որքան թեկնածուներ են ներկայացնելու ՀԱԿ-ին անդամակցող քաղաքական ուժերը:
Լյուդմիլա Սարգսյանը նաեւ հայտնեց, որ մեծամասնական ընտրակարգով մասնակցելու հարցը դեռ քննարկման փուլի մեջ է, կուսակցությունները պետք է առաջարկություններ ներկայացնեն:
«Թեկնածուների մասին միայն կարծիք է եղել, որ պետք է փորձել բոլոր 41 ընտրատարածքներում ունենալ մեծամասնական թեկնածուները, կարծում ենք, որ նրանք հանրային ճանաչում եւ կշիռ ունեցող մարդիկ պետք է լինեն»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:



























