Կարիքավորներին անվճար սննդամթերքի փաթեթներ են տրամադրող ամերիկյան կազմակերպությունները, կարող են բախվել պաշարների սպառմանը՝ ԱՄՆ-ում ֆեդերալ կառավարության ֆինանսավորման դադարեցման (շաթդաուն) պատճառով առաջացած միջոցների պակասի ֆոնին։ Այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը։
Հրապարակման մեջ նշվում է, որ երկրի ողջ տարածքում նմանատիպ կազմակերպությունները պաշարներ են կուտակում, սակայն շաթդաունը սկսում է սրել նրանց դրությունը, քանի որ նրանք կախված են պետական ֆինանսավորումից։ Ֆիլադելֆիա նահանգում հիմնված Share Food Program-ի ղեկավար Ջորջ Մաթայսիկի խոսքով՝ կարիքավորներին օգնելն ավելի է բարդացել։ Նա նշել է, որ դեռևս շաթդաունից առաջ նրանք կորցրել էին 8,5 մլն դոլար պետական սուբսիդիաներ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ծախսերը կրճատելու քաղաքականության պատճառով։ «Ես երբեք չեմ տեսել մեր պահեստը այսքան դատարկ, որքան վերջին երեք ամիսներին։ Իսկ այժմ դրան գումարվեց նաև շաթդաունը»,- նրա խոսքերն է մեջբերում թերթը։ Մաթայսիկը հավելել է, որ պաշարները կբավականացնեն ևս մեկ ամիս, սակայն ֆինանսավորման հետագա բացակայության դեպքում դժվարություններ կառաջանան։
ԱՄՆ դաշնային կառավարությունը մասնակիորեն դադարեցրել է իր աշխատանքը հոկտեմբերի 1-ի կեսգիշերին (Երևանի ժամանակով 07:00-ին) ֆինանսավորման բացակայության պատճառով։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Կոնգրեսում Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողանում համաձայնության գալ մի շարք ծախսային հոդվածների շուրջ, այդ թվում՝ առողջապահության ոլորտում և մեկը մյուսին մեղադրում են շաթդաուն հրահրելու և այն քաղաքական նպատակներով ձգձգելու մեջ։
1977 թվականից ի վեր, դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորումն ընդհտվել է ավելի քան 20 անգամ՝ վարչակազմի և Կոնգրեսի միջև տարաձայնությունների պատճառով։ Ամենաերկարատև շաթդաունը տևել է 35 օր՝ 2018 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2019 թվականի հունվարի 25-ը՝ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում։





























