Այսօր` հունվարի 27-ին, տեղի է ունեցել Հայաստանում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը:

Խորհուրդը քննարկել եւ ի գիտություն է ընդունել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տեղեկանքը` 2011թ. ընթացքում արձանագրված ապօրինի ծառահատումների մասին: Նշվել է, որ ստուգումների արդյունքում 2011թ. ապօրինի հատումների վերաբերյալ կազմվել է 263 ակտ` 3126 ծառի համար:

Անդրադարձ է եղել նաեւ վառելափայտի եւ շինափայտի իրացման սակագներին: ՀՀ գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարություններին հանձնարարվեց քննարկել սակագնային ընդհանուր մոտեցում ձեւավորելու հնարավորությունը:

Բարձրացվել է նաեւ անտառային տարածքների վարձակալությունից գոյացող գումարները «Հայանտառ» ՊՈԱԿ-ին թողնելու հարցը` հաշվի առնելով պետբյուջեից ՊՈԱԿ-ին հատկացվող միջոցների սղությունը: Խորհուրդը որոշեց հարցը քննարկելու առաջարկով դիմել ՀՀ կառավարությանը: Կառաջարկվի նաեւ խորհրդի կազմում ընդգրկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի` անտառային հրդեհների դեպքերի (2011թ. արձանագրվել է 51 դեպք) հետ կապված խնդիրների քննարկման համար:

Խորհրդի անդամ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ խախտումներ են նկատել Թեղուտում եւ Քաջարանում հանքավայրերը շահագործող ընկերությունների կողմից: Փոխվարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին նշված փաստերն ուսումնասիրել տեղում:

Նիստում ներկայացվել են նաեւ հանրապետության անտառածածկի որոշման մոնիտորինգի արդյունքները: Մոնիտորինգն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Կենսաբազմազանության կայուն կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում`հեռահար զոնդավորման արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ:

Մոնիտորինգի արդյունքում արձանագրվել է, որ անտառածածկ տարածքը կազմել է 332 հազ. հա: Բացահայտվել է, որ քարտեզներում առկա անճշտությունների հետեւանքով ավելի քան 23 հազ. հա անտառ ընդգրկված չէ հանրապետության անտառային ֆոնդում: