Ամերիկյան ռազմական Oshkosh Defense ընկերությունը ներկայացրել է մեծ հեռահարության «Tomahawk» թևավոր հրթիռներ արձակելու շարժական կայանքը։ Նոր ռազմական մեքենայի շնորհանդեսը տեղի է ունեցել ԱՄՆ Բանակի ասոցիացիայի (AUSA 2025) ցուցահանդեսում։ Արձակման կայանքը, որը ստացել է X-MAV անվանումը, մշակվել է արդեն փորձարկված մարտավարական մեքենաների հիման վրա, նշել է Oshkosh-ի ներկայացուցիչ Փեթ Ուիլյամսը։ Այն ունակ է միաժամանակ իր վրա տեղափոխել մինչև չորս «Tomahawk» թևավոր հրթիռ և ինքնավար կերպով արձակել դրանք թիրախների ուղղությամբ։ Ուիլյամսի խոսքով՝ ամերիկյան բանակը վաղուց է նշել նման հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը։
Մինչ այդ ԱՄՆ-ն ցամաքից «Tomahawk» արձակելու համար ուներ միայն Typhon կայանքը, իսկ մյուս միջոցները արձակվում էին նավերից։ Ընդ որում, Typhon-ը, որը մշակվել է Lockhead Martin ընկերության կողմից, համարվում է Mk-41 նավային ուղղահայաց արձակման կայանքի տարբերակը։ Դրանից առաջին արձակումներն իրականացվել են 2023 թվականին։ Այս կայանքի մշակումը հնարավոր է դարձել 2019 թվականին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Միջին և փոքր հեռահարության հրթիռների լիկվիդացիայի մասին պայմանագրի (ՄՓՀՀԼՊ) դադարեցումից հետո, որն արգելում էր փորձարկել և տեղակայել 500-ից մինչև 5,5 հազար կմ թռիչքի հեռահարությամբ ցամաքային բազավորման հրթիռներ։
Նոր շարժական «Tomahawk» կայանքի ի հայտ գալը տեղի է ունենում այդ հրթիռները Ուկրաինային մատակարարելու վերաբերյալ քննարկումների ֆոնին՝ Ռուսաստանի դեմ հարվածներ հասցնելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռահար հրթիռները կհանձնի Կիևին, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չդադարեցնի պատերազմը։ Նա նաև սպառնացել է, որ եթե հրադադարը չպահպանվի, ամեն ինչ կարող է «վատ ավարտվել» Պուտինի համար։
Առաջիկա ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ Կիևին «Tomahawk» հրթիռների տրամադրումը քննարկելու համար։ Պուտինը ավելի վաղ զգուշացրել էր, որ նման քայլը կդառնա էսկալացիայի «որակապես նոր» փուլ և «կքանդի» Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունները։ Նա նաև ընդգծել էր, որ ռուսական ՀՕՊ-ը պատրաստ է խոցել ամերիկյան հրթիռները, իսկ դրանց օգտագործումն Ուկրաինայի կողմից չի փոխի ուժերի հարաբերակցությունը մարտի դաշտում։
Tomahawk հրթիռների թռիչքի հեռահարությունը, կախված մոդիֆիկացիայից, կազմում է 1600-ից մինչև 2500 կմ։ Դրանց Ուկրաինային փոխանցման դեպքում մինչև 1945 ռուսական ռազմական օբյեկտ կհայտնվի խոցման գոտում, հաշվարկել են Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) փորձագետները։ Նրանց կարծիքով՝ Ուկրաինան, հավանաբար, կկարողանա խաթարել ռուսական բանակի գործողությունները ռազմաճակատում՝ թիրախավորելով նրա թիկունքային շրջանները, որոնք մատակարարում են զենք և աջակցում նրա հարձակողական գործողություններին։





























