Հայաստանի Արդարադատության նախարարության ՔԿ հաստատությունների դիտորդների խմբի նախագահ Արթուր Սաքունցը դիմել է նախարար Հրայր Թովմասյանին եւ հայտնել է, թե խումբը հունվարի 18-ին ստացել է ահազանգ այն մասին, որ «Էրեբունի» քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված դատապարտյալ Հ.Ա.-ն, որը տառապում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությամբ` դիլատացիոն կարդիոմիոպաթիայով, այժմ գտնվում է առողջական ծայրահեղ ծանր վիճակում:
«Հաշվի առնելով Ա.-ի ծանր առողջական վիճակը, խնդրում եմ Ձեր հանձնարարականները` դատապարտյալի ազատ արձակման գործընթացը անհետաձգելիորեն սկսելու գործում:
Միաժամանակ ակնկալում եմ Ձեր միջամտությունը, որպեսզի միջգերատեսչական հանձնաժողովի դեռեւս չկանոնակարգված աշխատանքային գործելաոճը եւ օրենսդրական անկատարությունը խոչընդոտ չհանդիսանան դատապարտյալի իրավունքների եւ ազատությունների պետության կողմից ստանձնած պաշտպանության իրականացման հույժ պատասխանատու գործում»,- նշված է իրավապաշտպանի նամակում:




























