Ցորենի շուկայի վերլուծաբանները 2012 թ. գնի էական աճ չեն կանխատեսում: Հիշեցնենք, որ 2011 թ. սկզբներին ցորենի միջազգային գինը հասավ իր պատմական առավելագույն մակարդակին` 327.8 դոլար 1 տոննայի դիմաց: Սակայն այնուհետ սկսեց նվազել: Ներկայում ցորենի գինը մոտ 30 %-ով զիջում է 1 տարի առաջվա գներին:
Սպասվում է, որ ցորենի բերքը 2012 թ. կլինի բարձր: ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության (USDA) գնահատականներով` ցորենի համաշխարհային արտադրությունը 2011-2012 թվականներին կկազմի 683 մլն տոննա` 4.6 %-ով ավելի, քան նախորդ տարի: Համախառն սպառումը, ըստ կանխատեսումների, կաճի 23 մլն տոննայով եւ կկազմի 679 մլն տոննա: Այսպիսով` ցորենի պաշարները կավելանան 4 մլն տոննայով եւ կկազմեն 200 մլն տոննա:
Հունվարի 27-ին փափուկ ցորենի գինը Չիկագոյի բորսայում կազմել է 240 դոլար/տոննա: Կոշտ ցորենի գինը Կանզաս Սիթիի բորսայում կազմել է 260 դոլար/տոննա, իսկ Միննեապոլիսում` 304 տոննա/դոլար: Վերջին շաբաթվա ընթացքում ցորենի գները փոքր-ինչ աճել են այն լուրերի պատճառով, որ Ռուսաստանը պետական տուրք է սահմանելու արտահանվող ցորենի վրա: Սակայն Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունն առայժմ չի հաստատում այդ տեղեկությունները:



























