Մադագասկարի Սահմանադրական դատարանը գնդապետ Միքայել Ռանդրիանիրինային հաստատել է երկրի ղեկավարի պաշտոնում, հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։

Դատարանը հաստատել է նաև նախագահի և Սենատի խոսնակի պաշտոններում թափուր տեղերը։

Ավելի վաղ Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատը, քվեարկել է նախագահ Անդրի Ռաձուելինային իմպիչմենտի ենթարկելու օգտին՝ մեղադրելով նրան ծառայողական պարտականությունները կատարելիս դասալքություն անելու մեջ։

Ռաձուելինան, որի գտնվելու վայրը ներկայում անհայտ է, հայտարարել է պալատի լուծարման մասին։ Ազգային ժողովի փոխնախագահ և ընդդիմության առաջնորդ Սիտենի Ռանդրիանասուլոնիյակուն կասկածի տակ է դրել նախագահի հրամանագրի օրինականությունը։ Ըստ նրա՝ փաստաթուղթը իրավական ուժ չունի, քանի որ այն հայտարարվել է սոցիալական ցանցերում և, հետևաբար, չունի նախագահի ստորագրություն և կնիք։ Պալատը չի ստացել բնօրինակը։