Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Զրույցի ընթացքում Վուչիչը ընդգծել է, որ Սերբիայի համար ԵՄ-ին անդամակցությունը ռազմավարական որոշում է և արտաքին քաղաքականության առաջնահերթություն, որը չի փոխվի մինչև հաջորդ ընտրությունները և նրա կարծիքով, նույնիսկ դրանցից հետո էլ, հաղորդում է Kurir-ը։
Նա նշեց, որ ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր բանակցային գործընթացում կամ կլաստերում ոչ մի նոր գլուխ չի բացվել։ Այնուամենայնիվ, Սերբիան առաջընթաց է գրանցել որոշ ոլորտներում՝ կարգավորող հանձնաժողովի աշխատանքում, ընտրական ցուցակներ կազմելու և էներգետիկայի ոլորտում։
Վուչիչը կոչ է արել Եվրոպական միությանը աջակցություն ցուցաբերել էներգետիկ անվտանգության և կայունության հարցերում՝ հիշատակելով ԱՄՆ-ի և «փաստացիորեն» եվրոպական պատժամիջոցների ներքո գտնվող ՆԻՍ ընկերության հետ կապված դժվարությունները։ Նա նաև հայտարարել է, որ ֆոն դեր Լեյենին խնդրել է դիտարկել պողպատի և տնտեսության համար կարևոր այլ նյութերի ներմուծման մաքսատուրքերի հարցում Սերբիայի համար թեթևացումներ կատարելու հնարավորությունը։
Ֆոն դեր Լեյենն, իր հերթին, հայտարարել է, որ Սերբիայի բարեփոխումների ժամանակն արդեն եկել է, հատկապես օրենքի գերակայության, լրատվամիջոցների և ընտրական օրենսդրության ոլորտներում։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցելը Սերբիայի կողմից «ի սրտե» կատարված ընտրություն է և մաղթել է, որ դեպի դաշինք տանող ճանապարհն արագանա։





























