Իր աղջկա պատիվը փրկելու համար Գյումրիի բնակչուհի, 21-ամյա Մարի Դավթյանին սպանած 51-ամյա Գեւորգ Թադեւոսյանի աղջիկը` Ալվարդը, եւս մարմնավաճառ է եղել: Ավելին` նրա թեթեւաբարո վարքի համար ներկա դրությամբ, ոչ միայն հայրն է կալանավորված, այլեւ 2009թ-ից նրա եղբայրը, նախկին ամուսինը, ամուսնու ընկերն ու սկեսրայրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզի քննչական բաժնի Հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ, սույն գործով քննչական խմբի ղեկավար Գեւորգ Աղաբաբյանը:
Հիշեցնենք, որ Մարի Դավթյանի դին` այրված ու հոշոտված վիճակում, ոստիկանները հայտնաբերել էին Գյումրիի նախկին Պոլիտեխնիկի կիսաքանդ շենքի նկուղում: Իսկ հունվարի 21-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Գյումրիի 51-ամյա բնակիչ, նախկինում դատապարտված Գեւորգ Թադեւոսյանը հունվարի 20-ին, ժամը 16.30-ի սահմաններում, նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի քանդված մասնաշենքի 1-ին հարկում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, բռունցքներով հարվածել է Մարի Դավթյանի ծնոտին, կպչուն ժապավենով կապել ոտքերը, գլխին պոլիէթիլենային պարկ հագցրել, եւ շնչահեղձ անելով` պարկը կպչուն ժապավենով փաթաթել վզին, որից հետո մարմինը ծածկելով լաթի կտորներով` գնացել է տուն: Վերադարձել է նույն օրը, ժամը 19-ի սահմաններում եւ նշված վայրում, կնոջ վրա դիզելային վառելիք լցնելով` հրկիզել է: Գեւորգ Թադեւոսյանը կալանավորված է:
NEWS.am-ը զրուցեց Շիրակի մարզային ոստիկանության քննչական բաժնի պետ Կարուշ Թովմասյանի հետ, ով նշեց, որ այս քրեական գործով տարբեր փորձաքննություններ են նշանակվել: «Ներկա պահին մի շարք փորձաքննություններ են նշանակված: Փորձաքննությունների եզրակացություններն այդպես շուտ չեն ստացվում: Հնարավոր է մի ամսից էլ ավելի տեւի, հնարավոր է նախաքննությունը 2 ամիս էլ շարունակվի, հետո անհրաժեշտ քննչական գործողությունների անհրաժեշտություն առաջանա եւ նորից ժամկետ ներկայացնենք: Նախաքննության ավարտից հետո գործը կուղարկվի դատարան»,- ասաց Կարուշ Թովմասյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ փորձաքննությունների արդյունքներով պարզվի, որ հայրը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է այդ քայլին դիմել, նա պատասխանեց. «Քանի որ սպանություն է տեղի ունեցել, մենք պարտադիր փորձաքննություններին զուգահեռ նշանակում ենք նաեւ դատահոգեբուժական փորձաքննություն: Դա պարտադիր է: Սակայն դա բավական երկար ժամանակ է պահանջում: Համենայնդեպս չեմ կարծում, որ 2-ամսյա ժամկետում տեղավորվենք: Հետեւաբար` հնարավոր է, որ նախաքննության ժամկետը երկարացվի»:
Իսկ Շիրակի մարզի քննչական բաժնի Հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ, սույն գործով քննչական խմբի ղեկավար Գեւորգ Աղաբաբյանի փոխանցմամբ, Ալվարդի հոր` Գեւորգ Թադեւոսյանի դեմ քրգործը հարուցվել է 104 հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է 8-15 տարի ժամկետով ազատազրկում:
Նրանից նաեւ տեղեկացանք, որ 20-ամյա Ալվարդը եւս զբաղվել է մարմնավաճառությամբ եւ կոնկրետ մեղադրյալի պատճառաբանությունը հենց դա է, որ աղջիկը ներգրավվել է մարմնավաճառության մեջ, իսկ դա կանխելու իր փորձերը արդյունք չեն տվել: Ավելին` Ալվարդը մարմնավաճառությամբ զբաղվել է դեռ անչափահաս տարիքից: «Մարին Ալվարդին ոչ թե փորձել է ներգրավել մարմնավաճառության մեջ, այլ նա արդեն ներգրավված է եղել: Մի քանի դեպք ունենք, գործով հիմնավորված, որ միասին գնացել են մարմնավաճառության»,-ասաց քննիչը:
Քննչական խմբի ղեկավարի խոսքով, Մարի Դավթյանի քույրն իրավահաջորդ չի կարող ճանաչվել, քանի որ 13 տարեկան է: Նրա հարազատներին տեղյակ են պահել, որ ներգրավվեն գործում որպես իրավահաջորդ, բայց հարազատներն այս պահին քաղաքում չեն: Իսկ Մարիի 11 ամսական դուստրը հանձնվել է մանկատուն:
Ի դեպ, Ալվարդն ու Մարին ծանոթ են եղել դեռեւս դպրոցական հասակից, երկուսն էլ նույն դպրոցում են սովորել, բայց կոնկրետ մի քանի ամիս առաջ են մտերմացել: Քննիչը նշեց նաեւ, որ ստիպողաբար Ալվարդին մարմնավաճառության դրդելու խնդիր բացարձակապես չկա: Հարցին, թե հայրն Ալվարդին չի՞ սպառնացել, որ նրան էլ կսպանի, Գ. Աղաբաբյանը բացասական պատասխան տվեց, հավելելով, որ միայն Մարիին է սպառնացել, որ իր աղջկանից հեռու մնա:
«Հայրն իմացել է, որ Ալվարդը մարմնավաճառությամբ է զբաղվում, Մարիի հետ միասին գնում են տղաների հետ եւ այլն եւ այլն: Նույնիսկ դեպքի օրն էլ է նման բանի ականատես եղել»,- ավելացրեց քննչական խմբի ղեկավարը:
Երբ փորձեցինք պարզել, թե ինչ պատճառով է երկու տարի առաջ ազատազրկվել նաեւ Ալվարդի եղբայրը, պարզվեց, որ ազատազրկվածների շարքում, ոչ միայն եղբայրն է եղել, այլեւ ամուսինը, ամուսնու ընկերը եւ սկեսրայրը: «2009թ-ին այդ գործի քննիչն էլ եմ ես եղել: Այդ ժամանակ միայն Ալվարդի եղբայրը չի եղել: 4 հոգով են եղել. Ալվարդի նախկին ամուսինը, եղբայրը, Ալվարդի սկեսրայրը եւ ամուսնու ընկերը: Այդ ժամանակ նրանք սպանել են Սաշիկ Հակոբյանին, ով հարբեցող է եղել եւ իրենց բնակարան գնալ գալ է ունեցել: Երբ ակնհայտ է դարձել, որ Սաշիկը աչք է դրած եղել Ալվարդի վրա եւ երբ ձեռքերին ազատություն է տվել, այդ մասին Ալվարդը պատմել է ամուսնուն ու եղբորը, ովքեր ծեծելով սպանել են նրան: Հետո հետքերը վերացնելու համար տարել պահել են նույն Պոլիտեխնիկ ինստիտուտի շենքում, որի մոտ էլ հենց այրել են»,- պատմեց քննիչը եւ ավելացրեց, որ Ալվարդի եղբայն ու նախկին ամուսինը դատապարտվել են 12 տարվա ազատազարկման:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը



























