Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Էվա Սունդքուիսին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ նշանակման կապակցությամբ և նշել, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ արդարադատության և իրավունքի գերակայության ոլորտում ձևավորված համագործակցությունը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք կարևոր ուղղությունների, մասնավորապես՝
Հայաստանի Հանրապետության Նոր Սահմանադրության մշակման գործընթացին։
Արդարադատության ոլորտում թվայնացման օրակարգին, որը միտված է ծառայությունների մատչելիությանն ու թափանցիկության բարձրացմանը։
Մարդու իրավունքների պաշտպանության բարեփոխումներին, այդ թվում՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը։
Հակակոռուպցիոն ռազմավարությանը և այդ ուղղությամբ հակակոռուպցիոն մարմինների կարողությունների զարգացմանը։
Դատաիրավական բարեփոխումներին և դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված նախաձեռնություններին։
Քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների կարողությունների զարգացմանը:
Անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնին:
Կողմերը քննարկել են վերոնշյալ ոլորտներում Շվեդիայի աջակցությամբ նոր ծրագրերի հնարավոր ներդրումը, ինչպես նաև արդեն գործող նախաձեռնությունների շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարները։





























