Ֆինլանդիայի իշխանությունները ռմբապաստարաններում տեղեր են պատրաստել երկրի գրեթե բոլոր բնակիչների համար։ 50 հազար 500 գործող ապաստարանները, որոնք 1939-1940 թվականներին Խորհրդային Միության հետ պատերազմից հետո շարունակ կառուցվել են, կարող են միաժամանակ տեղավորել Ֆինլանդիայի 5,5 միլիոն բնակիչներից 4,8 միլիոնին, գրում է գերմանական Bild պարբերականը։ Համեմատության համար, 84,7 միլիոն բնակչություն ունեցող Գերմանիան ունի ռմբապաստարաններ ընդամենը 480 հազար բնակչի համար։

Ֆինլանդիայում 1200 քառակուսի մետրից ավելի մակերեսով յուրաքանչյուր շենք օրենքով պարտավոր է պաշտպանված նկուղ ունենալ։ Ամենախոշոր բունկերը տեղակայված է մայրաքաղաք Հելսինկիում։ Այն տեղակայված է 20 մետր խորության վրա և ի վիճակի է միանգամից տեղավորել 6000 մարդու։ Այնտեղ ապաստանած մարդիկ կարող են գոյատևել նույնիսկ միջուկային հարվածից, Bild-ի լրագրողին ասել է քաղաքացիական պաշտպանության հրահանգիչ և «բունկերի տեսուչ» Թոմի Ռասկին։ Ապաստարանի պահպանումը պետության վրա թանկ է նստում, սակայն դրանով հանդերձ՝ այն միաժամանակ կայուն եկամուտ է ապահովում, քանի որ այնտեղ կա մարզասրահ, մանկական խաղահրապարակ, հոկեյի ասպարեզ և ստորգետնյա ավտոկայանատեղի։

Միևնույն ժամանակ, բունկերում պահածոյացված սննդի պաշարներով պահեստներ չկան։ Ֆինլանդիայի իշխանությունները նախկինում քաղաքացիներին արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ իրերի ցանկ էին ուղարկել։ Այն ներառում է 72-ժամյա սննդի պաշար, լապտերներ, մարտկոցներ, ճամբարային գորգ, անձնական քնապարկ, ինչպես նաև դեղորայք, հիգիենայի պարագաներ, յոդ և, հնարավորության դեպքում՝ գրքեր, թուղթ և գրիչ։ Քաղաքացիներից ակնկալվում է, որ նշված բոլոր իրերը բերեն ապաստարան։ «Այստեղ իրականում ամեն ինչ առնչվում է ողջ մնալուն»,- նշել է Ռասկին։

Ընդսմին, Ֆինլանդիայի խորհրդարանը նոյեմբերին կկազմակերպի իր առաջին ապաստարանային վարժանքները պատգամավորների համար։ Նման վարժանքները կանցկացվեն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո հրատապ դարձած հնարավոր պատերազմի նախապատրաստման շրջանակում։ 2023 թվականին Ֆինլանդիան, որը միացավ ՆԱՏՕ-ին՝ ի պատասխան Ռուսաստանից եկող աճող ռազմական սպառնալիքի, իր ռմբապաստարանների լայնածավալ գույքագրում անցկացրեց։ Դրանց մեծ մասի վիճակը բավարար է գնահատվել։