Ավիացիոն զենքին առնչվող հերթական միջադեպ է տեղի ունեցել Սարատովի մարզի Էնգելս քաղաքի մոտակայքում։ Ըստ ASTRA-ի՝ հղում անելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աղբյուրին, հոկտեմբերի 12-ին ռուսական ինքնաթիռից Կվասնիկովկա գյուղի մոտակա դաշտում «անսովոր կերպով» է ընկել ФАБ-500 ֆուգասային ավիառումբ։
Զինամթերքը չի պայթել, և զոհեր կամ վնասներ չեն եղել։ Միջադեպը տեղի է ունեցել ռազմավարական կարևոր օբյեկտի՝ Էնգելսի ռազմական օդանավակայանի մոտակայքում, որը Ռուսաստանի հեռահար ավիացիայի հիմնական բազան է։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ Ուկրաինայի դեմ հրթիռային հարվածներ հասցնող ինքնաթիռները թռիչք են կատարում այս օդանավակայանից։




























