Նորին մեծություն Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտայի ուղեկցությամբ այսօր այցելել է Ավան հոգեկան առողջության կենտրոն: Այս մասին հայտնում են նախարարությունից։

Իրականացվել է շրջայց կենտրոնի արտահիվանդանոցային և մանկական բաժանմունքներում:

Զրույցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է հոգեկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող բարեփոխումները` պայմանների ապահովումից մինչև բուժման գործելակարգերի մշակում` միջազգային չափորոշիչներին համապատասխան։

Անդրադարձ է եղել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հանդեպ հոգեկերտվածքի փոփոխության կարևորությանը,հատկապես ամենախոցելի խմբի` երիտասարդների և տարեցների հանդեպ. Թագուհի Մաթիլդան ընդգծել  է, որ դա տարիների աշխատանք է ենթադրում` թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներում  և, այդ համատեքստում ընդգծել է  կրթության և միջազգային փորձի տեղայնացման կարևորությունը:

Անահիտ Ավանեսյանը անդրադարձել է նաև թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց խնդիրներին, և ներկայացրել առողջ ապրելակերպին միտված պետական ծրագրերը: