Գազայի խաղաղության բանակցությունների միջնորդները քննարկում են 1000 պաղեստինցի ոստիկան ուղարկելու հարցը՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար: Դրա մասին հաղորդել է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով արաբ պաշտոնյաներին:

Ըստ WSJ-ի՝ հնարավոր է՝ Իսրայելը, որին, ենթադրաբար, չի հետաքրքրում Պաղեստինի ինքնավարության մասնակցությամբ տարածաշրջանում անվտանգության ապահովումը, դիմադրի ոստիկաններ ուղարկելու ծրագրին: Հաղորդվում է նաև, որ սպաները մարզվել են Եգիպտոսում և Հորդանանում:

WSJ-ն օգոստոսին հաղորդել է 10 000 հոգանոց զորախմբի մարզումների մեկնարկի մասին՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ավարտից հետո անվտանգությունը պահպանելու համար:

Հոկտեմբերի 13-ին Շարմ էլ Շեյխում տեղի ունեցավ խաղաղության գագաթնաժողով, որը հրավիրվել էր Գազայի հատվածում հրադադարի և այնտեղ պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման գործով: Հանդիպման ընթացքում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին, Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են պաղեստինյան անկլավում հրադադարի վերջնական համաձայնագիր: Ըստ ալ-Սիսիի գրասենյակի՝ գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել իրականացնելու Թրամփի՝ Գազայի հակամարտության կարգավորման ծրագրի հաջորդ փուլերը, ներառյալ կառավարումը, ենթակառուցվածքների վերականգնումը և քաղաքական կարգավորումը: