Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ մրցանակաբաշխությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, գործադիր մարմնի անդամներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ:

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Analog Devices Inc. (ADI) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին: Իր խոսքում վարչապետը շնորհավորել է Վինսենթ Ռոշին՝ ՀՀ պետական մրցանակը ստանալու առիթով և նշել, որ ժամանակակից և տեխնոլոգիաների աշխարհում մեր մրցանակակիրների գործունեությունն ամեն օր ներկա է մեր կյանքում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է մրցանակակիրների հետ ունեցած հանդիպումների ու զրույցների կարևորությունը Կառավարության քաղաքականությունների մշակման գործում:

«Այն հարցին, թե ինչո՞ւմ է ձեզ օգնել ձեր երկրի կառավարությունը, բոլոր դեպքերում ես ստացել եմ մի պատասխան՝ կրթությունը, կառավարությունը մեզ համար ապահովել է կրթություն՝ հանրակրթություն, բարձրագույն, հետբուհական: Գուցե նաև մրցանակաբաշխության առիթով մրցանակակիրների հետ ունեցած մեր խոսակցություններն են իրենց ազդեցությունն ունեցել այն հարցում, որ մենք հիմա այդքան շատ կենտրոնացած ենք կրթության վրա: Իհարկե, նաև մեր փորձը, իմացությունն ու պրակտիկան է մեզ բերել հետևյալին, որ այսօր Հայաստանում գործնականում չկա թեկուզ մի հարց, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով՝ կլինի դա արտաքին քաղաքականության, կլինի ներքին քաղաքականության, շինարարության, հումանիտար ոլորտի, սոցիալական»,-ասել է երկրի ղեկավարը:

Աղքատությունը հաղթահարելու հարցում էլ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կրթության ապահովման կարևորությունը, որովհետև աղքատախնամությունն այդ մարդկանց կյանքում գրեթե ոչինչ չի փոխում, այլ ընդհակառակը՝ օգնություն ստանալը նրանց համար դառնում է սովորական մի բան. «Մենք այդ ընտանիքների երեխաներին շատ դեպքերում դատապարտել ենք աղքատության, որովհետև չենք նկատել, որ իրենց գյուղում դպրոց չկա, իրենց գյուղում մանկապարտեզ չկա: Եվ սա է պատճառը, որ մենք համոզված ենք՝ եթե ուզում ենք լուծել սոցիալական խնդիրները Հայաստանում, ապա աղքատության հարցի լուծման մի ճանապարհ կա՝ դա կրթություն է, որովհետև այսօր Հայաստանում աղքատության մեջ գտնվող մարդկանց 80 և ավելի տոկոսի աղքատ լինելու պատճառն իրենց ստացած կամ չստացած կրթության մեջ մենք պետք է փնտրենք»։

Վարչապետի խոսքով՝ այս մրցանակաբաշխությունը, մրցանակակիրները Կառավարությանը ստիպում են ավելի ու ավելի շատ կենտրոնանալ կրթության ոլորտի խնդիրների վրա: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին և նշել, որ այն, ի հեճուկս շատերի չհավատալուն, իրականություն է դառնալու. «Ես հույս ունեմ, որ մինչև տարվա վերջ Կառավարության որոշմամբ կհաստատենք Ակադեմիական քաղաքի մաստեր պլանը և կանցնենք իրագործման փուլին»։

Մեկ անգամ ևս շնորհավորելով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկրին՝ Վինսենթ Ռոշին, վարչապետը նշել է. «Ձեր ներկայությունը մեզ քաջալերում է լինել ավելի ստեղծագործ, ավելի լավատես, ձեր օրինակով հավատալ մեր սեփական ուժերին»: