Թուրքիայի կառավարությունը պատրաստում է օրինագիծ, որն ազատազրկում կսահմանի «հանրային բարոյականությանը հակասող» սեռական ինքնությունը հրապարակայնորեն խթանող կամ նման ինքնություն արտահայտող անձանց համար, հաղորդում է Turkish Minute-ը։
Առաջարկը կփոփոխի Թուրքիայի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածը, որը ներկայում վերաբերում է «հանրային անպարկեշտությանը»։
Ըստ նախագծի՝ յուրաքանչյուր ոք, ով «դրսևորում է իր կենսաբանական սեռին հակասող վարքագիծ» կամ «խրախուսում կամ հաստատում է նման վարքագիծը», կարող է դատապարտվել մեկից երեք տարի ազատազրկման։
Մեկ այլ հոդված քրեականացնում է նույնասեռ զույգերի միջև նշանադրությունները կամ ամուսնական արարողությունները՝ նախատեսելով մինչև չորս տարի ազատազրկում։ Հասարակական վայրերում սեռական գործողությունների համար առավելագույն՝ մեկ տարվա պատիժը կհասցվի երեք տարվա։
Օրենսդրությունը կարող է նաև ազդել լրատվամիջոցների, մասնավորապես՝ ստրիմինգային հարթակների վրա, որոնք ֆիլմերում կամ հեռուստասերիալներում պատկերում են նույնասեռ հարաբերություններ։ Օրենքի նախագծով՝ նման բովանդակությունը կարող է դասակարգվել որպես «հանրային բարոյականությանը հակասող վարքագիծ խրախուսող»։
Իր հիմնավորման մեջ թուրքական կառավարությունը նշել է, որ այս միջոցառումները նպատակ ունեն պաշտպանելու «ընտանիքի ինստիտուտը» և ապահովելու «ֆիզիկապես և հոգեպես առողջ սերունդների դաստիարակությունը»։




























