ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ Սպիտակ տանը համապատասխան ընդունելությունների սրահի բացակայության պատճառով իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում երբեմն ստիպված է եղել արտասահմանյան պետությունների ղեկավարների հետ ընթրել այգում՝ մինչև կոճերը ջրի մեջ։
Իր նստավայրում ընդունելության ժամանակ նա նշել է, որ Սպիտակ տան ամենամեծ սենյակը Արևելյան դահլիճն է, որը տեղավորում է մոտ 100 մարդ։ Այդ պատճառով ԱՄՆ նախագահների շատ վարչակազմեր հաճախ ստիպված են եղել սահմանափակել անցկացվող միջոցառումների կամ հրավիրված հյուրերի թիվը։ Ընդ որում, իսկապես մեծ ընդունելություններն անցկացվում էին այգում. ընթրիքի համար այնտեղ վրան էին տեղադրում, որտեղ էլ հետո սեղաններ էին դնում։
«Եվ նրանք ունեցել են մի քանի աղետալի միջոցառումներ։ Ինչ-ինչ պատճառներով ամեն անգամ, երբ վրան էին տեղադրում, անձրև էր գալիս։ Իսկ դա լավ չէ։ Նրանք, որպես կանոն, օգտագործում էին ստորին մակարդակը։ Ինչպես գիտեք, այստեղ բավականին մեծ տարածք կա, բայց նրանք օգտագործում էին ստորին մակարդակը, որտեղ անձրևը պարզապես թափանցում էր սրահ», - պատմել է նա։ «Եվ դա այնքան էլ հաճելի չէր, երբ դուք նստած եք ընթրիքի և զրուցում եք։ Բարև, Չինաստանի նախագահ Սի [Ցզինպին], ինչպե՞ս եք։ Ողջույն, ֆրանսիացի Էմանուել [Մակրոն] և բոլոր այն մարդիկ, ովքեր եղել են այստեղ։ Իսկ այդ ժամանակ մոտ չորս դյույմ ջուր բառացիորեն հոսում է ձեր կոշիկներով։ Եվ դուք փորձում եք ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, բայց դա այդպես է», - ժպիտով հիշել է նա։
«Այսպիսով, մենք այլևս նման բան չենք ունենա և դա հիանալի է: Մեզ դա իսկապես անհրաժեշտ է», - հավելել է նա:
Հուլիսին Թրամփի վարչակազմը որոշել է Սպիտակ տանը կառուցել պարահանդեսային դահլիճ՝ 200 միլիոն դոլար արժողությամբ։ Շինարարության համար միջոցները կտրամադրեն նախագահը, ինչպես նաև մի քանի հովանավորներ։ Նոր շինությունը տեղակայվելու է Սպիտակ տան՝ 1902 թվականին կառուցված արևելյան թևի մոտ։ Դահլիճի մակերեսը կկազմի 8,4 հազար քառ. մետր։ Միջոցառումների ժամանակ այն կկարողանա տեղավորել մինչև 650 մարդ։ Շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն մինչև Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ավարտը՝ 2029 թվականի հունվարը։
ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի մտահղացմամբ պաշտոնական նստավայրը՝ Սպիտակ տունը, սկսել է կառուցվել 1792 թվականին ճարտարապետ Ջեյմս Հոբենի նախագծով։ Վաշինգտոնն ինքն է ընտրել շենքի տեղը, որի շինարարությունն ավարտվել է 1800 թվականի նոյեմբերի 1-ին։ Նույն օրը այնտեղ բնակություն է հաստատել ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսը։ Շենքը վերակառուցվել է 1815-1817 թվականներին՝ 1814 թվականի հրդեհից հետո։





























