ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ամբողջությամբ վերաուղղորդել երկրի ներգաղթային քաղաքականությունը՝ հիմնականում սպիտակամորթ եվրոպացի և Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) ծագում ունեցող փախստականներին ընդունելու ուղղությամբ, հաղորդում է The New York Times-ը (NYT):
Ինչպես պնդում է պարբերականը, իր տրամադրության տակ են հայտնվել ինչ-որ փաստաթղթեր, համաձայն որոնց փախստականների ընդունման ներկայիս համակարգը, որը կողմնորոշված է «աշխարհի երկրների ամենախոցելի շերտերին օգնելուն», ամբողջությամբ կվերանայվի դեպի մի ծրագիր, որը «նախապատվություն է տալիս հիմնականում սպիտակամորթ մարդկանց, ովքեր հայտարարում են հետապնդումների մասին»։ Թերթը նշում է, որ խոսքը հիմնականում վերաբերում է սպիտակամորթ անգլախոս եվրոպացիներին և ՀԱՀ բնակիչներին։
NYT-ն պնդում է, որ նոր ծրագիրը կարող է վերաբերել նաև այլ բնիկ եվրոպացիների, ովքեր դեմ են իրենց երկրների միգրացիոն քաղաքականությանը և աջակցում են «պոպուլիստական կուսակցություններին»։ Նրանք ԱՄՆ-ում փախստականի կարգավիճակ կկարողանան ստանալ, եթե, օրինակ, «հետապնդումների են ենթարկվել՝ իրենց հայացքները խաղաղ կերպով արտահայտելու համար, այդ թվում՝ ինտերնետում»։ Թերթը ենթադրում է, որ այդպիսի «փախստականներ» կարող են դառնալ գերմանական աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամները։
NYT-ն գրել է, որ Միգրացիոն համակարգի բարեփոխման համապատասխան ծրագրերը, իբրև թե Սպիտակ տանը ներկայացվել են ապրիլին և հուլիսին Պետդեպարտամենտի և ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչների կողմից։ Թերթը հավելել է, որ այդ ծրագիրը դեռ վերջնականապես համաձայնեցված չէ։





























