Չինաստանը հաստատապես հավատարիմ է իր տարածքային ինքնիշխանության և ծովային իրավունքների ու շահերի պաշտպանությանը, ինչպես նաև ելնում է նրանից, որ ծովային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ անմիջականորեն շահագրգիռ երկրների միջև բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, փոխանցում է Սինհուան։
«Ցանկացած սադրանք կամ սպառնալիք այս առումով անօգուտ կլինի և ոչնչի չի հանգեցնի», - ընդգծել է դիվանագետը չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Հարավչինական ծովի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի վերջին հայտարարությունները։
Ինչպես նշել է Լին Ցզյանը, բոլոր առկա փաստերն ու ապացույցները ցույց են տալիս, որ ֆիլիպինցիներն են առաջինը սադրանք կազմակերպել՝ ոտնձգություն կատարելով Չինաստանի տարածքային ինքնիշխանության դեմ, իսկ Միացյալ Նահանգները, անտեսելով փաստերը, անարդար մեղադրանքներով են հանդես գալիս՝ փորձելով վարկաբեկել Չինաստանի իրավունքների պաշտպանության օրինական գործողությունները և «ԱՄՆ-ի և Ֆիլիպինների միջև փոխադարձ պաշտպանության մասին պայմանագրով» վախեցնել Չինաստանին։
Այս փորձերը ևս մեկ անգամ բացահայտեցին ամերիկյան կողմի չարամիտ մտադրությունը՝ հրահրել առճակատում և ապակայունացնել Հարավչինական ծովը, ինչպես նաև կրկին ցույց տվեցին, որ Միացյալ Նահանգները տարածաշրջանային կայունությունը խաթարելու ռիսկի ամենամեծ աղբյուրն է, ամփոփել է նա։





























