Փրկարարները Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում շենքերի փլուզման հետեւանքով 12 զոհերի են հյատնաբերել: Փլատակների տակ ողջ մարդ գտնելը գրեթե անհնար է: Այս մասին հունվարի 27-ին հայտնել է Քաղաքացիական պաշտպանության տեղական ծառայությունը:
Ըստ գործակալության տվյալների` որոնումները դժվար են ընթանում բազմահարկ շենքերի մեծաքանակ փլատակների պատճառով: Միայն երկրորդ օրն են փրկարարները կարողացել հասնել 20-հարկանի փլուզված շենքի 7-րդ հարկի փլատակներին, որտեղ ենթադրաբար կարող էին մարդիկ լինել:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին տեղական ժամանակով 20.30-ին Ռիո դե Ժանեյրոյում փլուզվել են 2 բազմահարկ շենքեր եւ 4-հարկանի շինություն: Ողբերգությունը տեղի է ունեցել քաղաքի գործարար մասում` աշխատանքային օրվա ավարտից հետո, եւ փլուզված շենքերում մարդիկ այնքան էլ շատ չեն եղել:
Պարզվում են կատարվածի մանրամասները: Ռիոյի քաղաքապետարանը չի հաստատում պայթուցիկ սարքերի եւ կենցաղային գազի պայթյունի տեղեկությունը: Ամենահավանական վարկածներից է շենքերից մեկի օժանդակ կառույցների վնասված լինելը. Այնտեղ իրականացվել են ապօրինի շինարարական աշխատանքներ, որոնք կատարվել են անտեսելով անվտանգության կանոնները եւ համաձայնեցված չեն եղել քաղաքային իշխանությունների հետ:
Ռիոյի կենտրոնական մասում մեքենաների երթեւեկությունը նախկինի պես սահմանափակ է:
Ռիո դը Ժանեյրո նահանգում ուրբաթ օրը հայտարարվել է եռօրյա սուգ զոհերի հիշատակին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























