Քաղաքամետ «Իմեդի» հեռուստաալիքը հայտնում է, որ ԵԱՀԿ գործող նախագահ և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը տուգանվել է 5000 լարիով՝ ճանապարհի ապօրինի արգելափակման համար։ Այս տեղեկությունը քարոզչական հեռուստատեսությանը «հաստատել են ՆԳՆ-ից»։ Սովորաբար նման պատժամիջոցի են ենթարկվում բողոքի ցույցերի այն մասնակիցները, ովքեր փակում են երթևեկելի հատվածը։ Եղել են նաև դեպքեր, երբ տուգանքներ են կիրառվել իրադարձությունները լուսաբանող լրագրողների, այդ թվում՝ օտարերկրացիների նկատմամբ։

Հոկտեմբերի 14-ին՝ Վրաստան կատարած այցի շրջանակներում, Վալտոնենը մասնակցել է խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցին։ Նա աջակցություն է հայտնել խաղաղ ցուցարարներին և տեսանյութ է ձայնագրել, որում ասել է, որ Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցող ցույցին մասնակցում են քաղաքացիներ, ովքեր մտահոգված են «իրենց երկրի ռեպրեսիվ քաղաքականությամբ»։ Նա նաև ընդգծել է, որ մարդիկ «լիակատար իրավունք ունեն ժողովրդավարության, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների համար»։

Դրանից հետո Վրաստանի կառավարության վարչակազմը հայտնել է, որ Էլինա Վալտոնենի հանդիպումը վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ չեղարկվել է «ապօրինի ակցիային» նրա մասնակցության պատճառով։ Սակայն Ֆինլանդիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ իրականում հանդիպումը չեղյալ է հայտարարվել ֆինների կողմից՝ «ժամանակացույցի պատճառով»։

Հոկտեմբերի 16-ին Վալտոնենն իր X միկրոբլոգի միջոցով անձամբ դիմել է Կոբախիձեին։ Նա կրկին հայտարարել է, որ Վրաստանի ապագան կարող է որոշել միայն վրաց ժողովուրդը։ Եվ նույնը վերաբերում է ԵԱՀԿ յուրաքանչյուր անդամ պետությանը։