Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել համայնքների դերը երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերում։ Այս մասին հոկտեմբերի 16-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի և հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ, հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։

«Այս օրենսդրական փաթեթն ուղղված է երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում բարեփոխումների իրականացմանը», - ասել է փոխնախարարը։

Բարեփոխումները հիմնված են կառավարության 2021-2026 թվականների ծրագրի վրա։

«Երեխաների իրավունքների պաշտպանությամբ այսուհետ զբաղվելու են համայնքները։ Այդ նպատակով կներգրավվեն մասնագիտացված սոցիալական աշխատողներ», - պարզաբանել է Կառավարության ներկայացուցիչը։

Որոշ քննարկումներից հետո տվյալ օրենսդրական նախաձեռնությունը դրական արձագանք է ստացել մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի կողմից։