Բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի հայրը մինչեւ հոգու խորքը զայրացրել է նորաձեւ հագուստի հավաքածուն,  որը հայտնի ֆրանսիացի կուտյուրյե  Ժան Պոլ Գոթյեն ներկայացրել է երգչուհու անվան ներքո:

«Մեր ամբողջ ընտանիքը ցնցված է տեսածով: Դա շոկ է: Մենք պատրաստ չէինք այն բանին, որ Էմիի կերպարը կօգտագործվի հագուստի վաճառքի համար», - հայտարարել է Միթչ Ուայնհաուսը:

Ինքը` Գոթյեն, հավատացրել է, որ հավաքածուն մտահղացել է որպես «նվիրում պայծառ եւ անսահման տաղանդավոր, սակայն, դժբախտաբար, կյանքից վաղ հեռացած երգչուհուն»: Այն ցուցադրվել է հունվարի 25-ին` Փարիզում` Բարձր նորաձեւության շաբաթի շրջանակներում: 

Ընդ որում, բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում երգչուհու հայրը խոստովանել է, որ հպարտ է իր դստեր` ժամանակակից նորաձեւության վրա ունեցած ազդեցության համար: Իսկ նրան վիրավորել է, ամենայն հավանականությամբ, այն փաստը, որ Ժան Պոլ Գոթյեն անրաժեշտ չի համարել անմիջապես Էմի Ուայնհաուսի ընտանիքի հետ քննարկել հավաքածուի մանրամասները, որը վախճանվել է  2011 թվականի հուլիսի 23-ին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Fashion Time-ը հայտնում է, որ, շոու-ցուցադրությունն անցել է երգչուհու հիթերի ակապելա հնչյունների ներքո: Գոթյեի բոլոր մոդելները ըստ Էմիի են ոճավորվել. Աղջիկները քայլել են բարձր սանրվածքներով, ծխախոտը ձեռքներին, շրթունքին զարդ,  աչքերի  արտահայտիչ գծերով, որը նրանց ապշեցուցիչ կերպով նմանեցրել էր Էմիին:

«Նոր հավաքածուի ոճը, ինչպես եւ Ուայնհաուսինը, ճակատագրական կնոջ եւ քաղաքային ամենօրյա հագուստի ոճերի միախառնումն է, մետաքսի, սեղմիրանների, բարձրակրունկների եւ բեյսբոլյան վերնահագուստների ներդաշնակությունն է», - գրում է  Fashion Time-ը: