Մոսկվայի բորսայի ինդեքսը հոկտեմբերի 16-ին, տեղական ժամանակով 17:00-ից անմիջապես հետո ցատկել է 2%-ով՝ գերազանցելով 2600 կետը, գրում է «Коммерсантъ»-ը։

Դա տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի մասին Axios-ի հաղորդագրությունից հետո։

Տեղեկությունը  ավելի ուծ հաստատել է նաև Դոնալդ Թրամփն իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում։ Ինդեքսը բարձրացել է, հասնելով 2617,18 կետի, որը շաբաթվա ընթացքում ամենաբարձր մակարդակն է։

Իսկ հիմնական նստաշրջանի ավարտին այն կանգ է առել 2607,78 կետի վրա, որը 2,5%-ով ավելի է, քան նախորդ օրվա փակումը։ Սակայն, վերջերս Ռուսաստանի շուկայի իրավիճակը խրախուսական չի եղել։ Մոսկվայի բորսայի ինդեքսն ամսվա սկզբից ի վեր անկում է ապրել՝ այդ ընթացքում կորցնելով մոտ 13%, իջնելով դեկտեմբերյան մակարդակին։

Ըստ «Риком-Траст» ներդրումային ընկերության վերլուծությունների բաժնի ղեկավար Օլեգ Աբելյովի՝ ներդրողների ակտիվությունը նման լուրերին ի պատասխան, մասամբ պայմանավորված է Ռուսաստանի տնտեսության վրա ԱՄՆ նախագահի իրական ազդեցության լծակներով, դրանց թվում՝ պատժամիջոցներով։ Սակայն, մեծ հաշվով, ներդրողներն առաջնորդվում են զուտ սպեկուլյատիվ շահագրգռվածությամբ։ «Նման ինֆոառիթները ակտիվ ներդրողների համար անկայուն շուկայում շահույթ ստանալու լավ հնարավորություն են։ Հետո էլ, կա համաձայնության հասնելու թեկուզ աննշան, բայց իրական հնարավորություն»,- կարծում է Աբելյովը։

Սակայն վերջերս ներդրողները սկսել են ավելի նվազ կտրուկ արձագանքել ԱՄՆ առաջնորդի հայտարարություններին։ Օրինակ՝ այս տարվա փետրվարին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև առաջին հեռախոսազրույցի ժամանակ IMOEX ինդեքսը բարձրացել է ավելի քան 7%-ով՝ գերազանցելով 3200 կետը։ Սակայն պետությունների ղեկավարների հետագա շփումները նույն ազդեցությունը չեն ունեցել. մեկ ամիս անց ինդեքսը բարձրացել է ընդամենը 1%-ով։

Նույնիսկ Ալյասկայում պետությունների ղեկավարների անձնական հանդիպումից հետո Մոսկվայի բորսայի ինդեքսը բարձրացել է ընդամենը 1,2%-ով։ Որոշ դեպքերում ներդրողները առհասարակ անտեսել են բանակցությունները։