ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի՝ հաջորդ շաբաթ Բուդապեշտում կայանալիք հանդիպման օրակարգը կքննարկի ռուս պաշտոնյաների հետ, հաղորդել է The Washington Post (WP)-ի սյունակագիր Դեւիդ Իգնատիուսը՝ հղում կատարելով իր սեփական աղբյուրներին։

«Սպիտակ տան ռազմավարությունն այն է, որ հաջորդ շաբաթ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպի ռուս պաշտոնյաների հետ՝ Բուդապեշտի գագաթաժողովի օրակարգը քննարկելու համար, բացատրել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը»,  նշել է պարբերականը։

Հոդվածի հեղինակը նշել է, որ Ռուբիոն կարող է Ռուսաստանին առաջարկել տարբեր տնտեսական խթաններ, որոնք կլինեն Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ապագա խաղաղության համաձայնագրի հետեւանք։ Միեւնույն ժամանակ, ամերիկյան կողմը նախատեսում է ավելի մեծ հեռահարության զենք մատակարարել Կիեւ, ինչպես նաեւ պատժամիջոցների խստացման սպառնալիքն օգտագործել որպես լծակ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր WP-ն, Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը (հանրապետական, Հարավային Դակոտա) հայտարարել է, որ օրենսդիրները նախատեսում են մոտ ապագայում շարունակել աշխատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու օրինագծի վրա։ «Ես չեմ ուզում հստակ ժամկետ սահմանել, բայց դա շուտով կլինի»,- լրագրողներին ասել է նա՝ ավելացնելով, որ դա տեղի կունենա «հաջորդ 30 օրվա ընթացքում»։ Հինգշաբթի Թյունը հանդիպել է սենատոր Լինդսի Գրեհեմի (հանրապետական, Հարավային Կարոլինա, որը ներառված է ահաբեկիչների եւ ծայրահեղականների ռուսական ցուցակում) հետ՝ քննարկելու Կոնգրեսի վերին եւ ստորին պալատներում ներկայում մշակվող հակառուսական պատժամիջոցների օրինագծի երկու տարբերակների համաձայնեցումը։

Քննարկվող օրինագիծն ապրիլի սկզբին ներկայացվել է Սենատի երկկուսակցական անդամների խմբի կողմից: Փաստաթղթի հիմնական հեղինակներն են Գրեհեմը եւ Ռիչարդ Բլյումենտալը (դեմոկրատ, Քոնեկտիկուտ): Նախաձեռնությունը ներառում է երկրորդական պատժամիջոցներ Ռուսաստանի առեւտրային գործընկերների նկատմամբ: Սենատորների առաջարկը ներառում է ԱՄՆ ներմուծման 500 տոկոս սակագներ այն երկրներից, որոնք Ռուսաստանից նավթ, գազ, ուրան եւ այլ ապրանքներ են գնում: