Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խիստ քննադատել է ԱՄՆ վարչակազմի կողմից ԿՀՎ-ին Բոլիվարյան Հանրապետության դեմ խափանարար գործողություններ իրականացնելու լիազորություն տալու մասին հայտարարված որոշումը։

«ԱՄՆ կառավարությունը ԿՀՎ-ին լիազորում է Վենեսուելայում խաղաղության դեմ գործողություններ իրականացնել, «...» մինչդեռ երբեք ԱՄՆ որեւէ կառավարություն բացահայտ չի հայտարարել, որ ԿՀՎ-ին ուղղորդում է սպանել, ոչնչացնել կառավարությունը եւ երկիրը»,  ասել է Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։

Նախագահը հիշեցրել է, որ Լատինական Ամերիկայում բոլոր ռազմական հեղաշրջումներն իրականացվել են ԿՀՎ մասնակցությամբ, ինչը հաստատվում է ԱՄՆ կառավարության գաղտնազերծված փաստաթղթերով։

Մադուրոն վստահություն է հայտնել, որ ԱՄՆ հետախուզական գործակալությունները չեն դադարեցրել իրենց խափանարար գործունեությունը Վենեսուելայում։ Նա ընդգծել է, որ հանրապետությունը «կրկին կհաղթահարի բացահայտ դավադրությունը, ռեժիմի փոփոխությանն ուղղված միջամտողական քաղաքականությունը եւ կպաշտպանի Վենեսուելայի ժողովրդի խաղաղության եւ կայունության իրավունքը»։ The New York Times թերթը ավելի վաղ, հղում կատարելով ԱՄՆ պաշտոնյաներին, հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը ԿՀՎ-ին լիազորել է գաղտնի գործողություններ իրականացնել Վենեսուելայում՝ Մադուրոյին իշխանությունից հեռացնելու վերջնական նպատակով։