Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի միջեւ սպասվող հանդիպմանը։ Այս մասին նա ասել է ուրբաթ, հոկտեմբերի 17-ին, ուկրաինա-սլովակական միջկառավարական համատեղ խորհրդակցությունների բացման ժամանակ, փոխանցել է «Европейская правда»-ն։

Ֆիցոն աջակցել է Թրամփի եւ Պուտինի միջեւ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք հանդիպմանը։

«Մենք ողջունում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ Բուդապեշտում այսպես կոչված գագաթաժողովի անցկացման մասին տեղեկատվությունը։ Ես կարող եմ հասկանալ, թե ինչու է նման հանդիպում տեղի ունենում, եւ ինչու այդ հանդիպումը հենց կոնկրետ Բուդապեշտում է լինելու։ Սլովակիայի կառավարության անունից ուզում եմ ասել, որ մենք լիովին աջակցում ենք այս հանդիպմանը»,- ընդգծել է նա։

Ֆիցոն հավաստիացրել է, որ Սլովակիայի կառավարությունը Հունգարիայում իր գործընկերներին առաջարկում է ողջ հնարավոր օգնությունը՝ նման գագաթաժողով կազմակերպելու համար։

Հիշեցնենք, որ Թրամփը հոկտեմբերի 16-ին գրեթե երկու ամսվա ընթացքում առաջին անգամ զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո հայտարարել է, որ իրենք նախատեսում են հանդիպում Բուդապեշտում, որը կլինի Պուտինի առաջին հայտնվելը ԵՄ անդամ պետության մայրաքաղաքում լայնածավալ պատերազմից ի վեր, եւ կպահանջի նրա թռիչքը մյուս անդամ պետությունների տարածքով։

Սա կլինի ամերիկացի եւ ռուս առաջնորդների երկրորդ անձնական հանդիպումը. առաջինը տեղի է ունեցել 2025թ․ օգոստոսի 15-ին ԱՄՆ Ալյասկա նահանգի մայրաքաղաք Անքորիջում։

Հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ իր երկիրը սկսել է նախապատրաստվել Թրամփի եւ Պուտինի հանդիպմանը։