Լիբանանի դատարանը որոշել է 11 մլն դոլար գրավի դիմաց կալանքից ազատել Հաննիբալ Քադաֆիին՝ Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամար Քադաֆիի (1942-2011) որդուն։ Ինչպես լրագրողներին հայտնել է պաշտպանյալի փաստաբանը, նման որոշում կայացրել է քննչական դատավորը հոկտեմբերի 17-ին Արդարադատության պալատում անցկացված հարցաքննությունից հետո։

Քադաֆիի 50-ամյա որդին Լիբանանում կալանքի տակ է 2015 թվականից։ Նա առեւանգվել էր  «Ամալ» շարժման գրոհայինների կողմից հարեւան Սիրիայից, որտեղ ապրում էր որպես քաղաքական վտարանդի, իսկ հետո հանձնվել է լիբանանյան իրավապահ մարմիններին։ 2017թ. նրան ներկայացվել է 1978թ. Լիբիայում կորած շիական իմամ Մուսա Սադրի մասին տեղեկությունը թաքցնելու մեղադրանք։