Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել է Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջեւ Բուդապեշտում կայանալիք հանդիպումը: «Ընդհանուր առմամբ, ես լավ զարգացում եմ համարում այն, որ բանակցությունները վերջապես կշարունակվեն»,- լրագրողներին ասել է Վադեֆուլը Թուրքիա մեկնելուց առաջ: Նա նշել է, որ Պուտինի եւ Թրամփի հանդիպումը դիտարկում է որպես Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ուղիղ բանակցությունների նախնական քայլ: «Եթե սա անցկացվում է խաղաղության բանակցություններ անցկացնելու հստակ նպատակով, ապա սա (Բուդապեշտում հանդիպման անցկացումը) ընդունելի է»,- ասել է նա՝ անդրադառնալով ռուս-ամերիկյան առաջիկա գագաթաժողովի վայրին:
Հինգշաբթի, Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, Թրամփը հայտնել է, որ իրենք համաձայնել են շուտով հանդիպել Բուդապեշտում: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նույնպես հայտնել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը «անհապաղ» կսկսեն նախապատրաստվել Ռուսաստանի եւ ԱՄՆ առաջնորդների նոր հանդիպմանը, որը կարող է անցկացվել Հունգարիայի մայրաքաղաքում: Նրա խոսքով՝ սա «իսկապես շատ կարեւոր պահ է»:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ հրամայել է ստեղծել կազմակերպչական կոմիտե՝ Բուդապեշտում կայանալիք գագաթաժողովը նախապատրաստելու համար: Նրա խոսքով՝ այս աշխատանքը «սկսվել է հինգշաբթի երեկոյան»:





























