Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հինգշաբթի, Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո, Պուտինը պայմանավորվել է բանակցությունների մասին, եւ դրանց անցկացման վայր է նշվել Բուդապեշտը։

Ռուս եւ հունգարացի ղեկավարների զրույցի մասին հաշվետվությունները եղել են կարճ։ ՏԱՍՍ-ը, հղում կատարելով Կրեմլին, տեղեկացրել է, որ Պուտինը հայտնել է Թրամփի հետ զրույցի հիմնական բովանդակության մասին։ Վիկտոր Օրբանը Facebook-ում գրել է, որ Բուդապեշտում հանդիպմանը պատրաստվում են «լրիվ թափով»։

Առայժմ հասկանալի չէ, թե արդյոք խնդիր կներկայացնեն Հունգարիա Պուտինի թռիչքի համար ԵՄ երկրների տարածքով ռուսական ինքնաթիռների թռիչքների եվրոպական սահմանափակումները․ Պուտինի հնարավոր երթուղիներից ոչ մեկը  չի խուսափի Եվրամիության որեւէ երկրի օդային տարածքում հայտնվելուց։ Ուրբաթ ավելի վաղ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտնել էր, որ իր երկիրը կապահովի ռուս նախագահի թռիչքը բանակցությունների համար։

«Որեւէ մեկի հետ խորհրդակցությունների կարիք չկա, մենք ինքնիշխան երկիր ենք։ Մենք նրան կընդունենք հարգանքով, կտեղավորենք եւ կտրամադրենք ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների բոլոր պայմանները»,- նախարարին մեջբերել է Reuters-ը։

Մեկ այլ ֆորմալ խնդիր է Պուտինին ձերբակալելու օրդերը, որը տրվել է Միջազգային քրեական դատարանի կողմից 2023թ.։ Հունգարիան, սակայն, արդեն հայտարարել է, որ մտադիր է դուրս գալ ՄՔԴ-ից եւ այցի հրավեր է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որի հանդեպ նույնպես գործում է դատարանի օրդերը։