ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին երկու շաբաթվա ընթացքում խորհրդանշում են բանակցությունները չհետաձգելու անհրաժեշտության ընդհանուր ըմբռնումը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Այն իսկապես կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում կամ մի փոքր ավելի ուշ։ Սա ընդհանուր ըմբռնումն է՝ որ չպետք է որեւէ բան հետաձգել»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչից նաեւ հետաքրքրվել են, թե արդյոք հայտնի է, թե որտեղ կարող է տեղի ունենալ ՌԴ եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Մարկո Ռուբիոյի հանդիպումը։

«Նրանք կպայմանավորվեն եւ իրենք կասեն այդ մասին»,- պատասխանել է Պեսկովը։