ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը ուրբաթ օրը կայացած իրենց երրորդ հանդիպումից հետո տարաձայնություններ են ունեցել Ուկրաինայում պատերազմի ապագայի վերաբերյալ, հաղորդում է CNN-ը։ 

Թրամփը և Զելենսկին ուրբաթ օրը մի քանի ժամով հանդիպում են ունեցել իրենց գլխավոր օգնականների հետ, ինչը CNN-ին ծանոթ մի քանի անձինք նկարագրել են որպես լարված, անկեղծ և երբեմն «անհարմար» քննարկում։

«Անմիջական և ազնիվ» զրույցի ընթացքում Թրամփը Զելենսկուն հստակ ասել է, որ այս պահին ուկրաինացի ղեկավարը չի ստանա այն հեռահար հրթիռները, որոնք կարող են հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերին, ինչին նա ձգտում էր ստանալ։

Պաշտոնյաներից մեկն ասել է, որ Թրամփի մոտ այն տպավորությունն է ստեղծվել, թե Ուկրաինան ձգտում է սրել ու ձգձգել հակամարտությունը և որ նա մտահոգված է առաջիկա ծանր ձմռան ընթացքում հնարավոր կորուստներով։ Հանդիպման ավարտից անմիջապես հետո Թրամփը կողմ է արտահայտվել շփման գծում կրակի դադարեցմանը և կոչ է արել դադարեցնել սպանությունները։

Նա շրջապատի մարդկանց ասել է, որ դա պայմանավորված է «ներկայիս հակամարտության իրողություններով»՝ պնդելով, որ, ըստ մի պաշտոնյայի, չափազանց շատ ավերածություններ և սպանություններ են եղել։

«Երկու կողմերն էլ պետք է համաձայնության գան», - ասել է մեկ այլ պաշտոնյա՝ պնդելով, որ պայմանները միայն կվատթարանան։

Զելենսկին իր սոցիալական ցանցերի գրառման մեջ հանդիպումն անվանել է «անկեղծ զրույց»՝ նշելով, որ դրա արդյունքները «իսկապես կարող են օգնել մոտեցնել այս պատերազմի ավարտը»։