«Ոչ մի միջանցք չկա։ Կա TRIPP՝ «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Ենթակառուցվածքի վրա տեղակայված ինքնիշխանության և մեր ազգային իրավազորության բոլոր հատկանիշներն այդ ճանապարհի հատվածում ճանաչվում են Ադրբեջանի և Միացյալ Նահանգների կողմից»։ Այս մասին DW-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Այնպես որ, մենք մեր հողի վրա ոչ մի լրացուցիչ արտատարածքային միջանցք չունենք։

Կարևոր է նաև իմանալ. մենք խոսում ենք ոչ միայն այս անցուղու, այլև Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու մասին: Համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների միջև բոլոր տրանսպորտային կապերի և ենթակառուցվածքների ապաշրջափակում:

Այսպիսով, մենք, օրինակ, մուտք ենք ստանում ադրբեջանական երկաթուղուն, ամբողջ համակարգին, ամբողջ շղթային։ Ադրբեջանը մուտք է ստանում մեր երկաթուղուն։ Ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական հարևանների մոտ։

Մենք կկարողանանք երթևեկել միմյանց տարածքներով։ Ահա թե ինչ է լինելու։ Սա այն է, ինչի շուրջ մենք համաձայնության ենք եկել։ Կառավարումը պետք է իրականացվի հայ-ամերիկյան կոնսորցիումի կողմից։ Այն, իհարկե, կարող է ենթակապալառուներ վարձել ծառայություններ մատուցելու համար։ Եվ այդ ընկերությունները պետք է ընտրվեն փոխադարձ համաձայնությամբ»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Ըստ Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի, պոտենցիալ ընտրվելիք ընկերությունը պետք է հաստատվի Հայաստանի և Միացյալ Նահանգների կողմից։

«Մենք բաց ենք համագործակցության համար՝ բազմաթիվ երկրների հետ։ Ես ոչ մեկին չեմ բացառում, բայց կան որոշ երկրներ, որոնց դիմումները կարող են մերժվել», - նշել է նա։