Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին NBC News-ի հարցազրույցում հայտնել է, որ հույսը չի կորցրել ուրբաթ ԱՄՆ կատարած այցի ժամանակ, չնայած այն բանին, որ համաձայնություն չի կնքել նախագահ Դոնալդ Թրամփի հետ մեծ հեռահարության Tomahawk հրթիռների մատակարարումների մասին, զենք, որը կարող է փոխել Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքը։
«Լավ է, որ նախագահ Թրամփը «ոչ» չասաց, բայց այսօրվա դրությամբ «այո» էլ չի ասել»,- ասել է Զելենսկին։
Զելենսկին NBC News-ին ասել է, որ ուկրաինացի զինվորականները՝ զինված Tomahawk հրթիռներով, «իսկական անհանգստություն» են առաջացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ։
«Ես կարծում եմ, որ Պուտինը վախենում է, որ Միացյալ Նահանգները մեզ «թոմահավկներ» կմատակարարեն։ Եվ ես կարծում եմ, որ նա իսկապես վախենում է, որ մենք դրանք կկիրառենք»,- ասել է նա։
Այնուամենայնիվ, ինչպես նշել են ամերիկյան լրատվամիջոցները, առանց հրթիռների վերաբերյալ համաձայնագրի Ուկրաինա վերադառնալը, ամենայն հավանականությամբ, կստիպի Զելենսկու քննադատներին հարցնել, թե ինչու էր նա առհասարակ գնացել ԱՄՆ։





























