Շաբաթ օրը Ավստրիան հայտնել է, որ կհամաձայնի Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների վերջին փաթեթին՝ փոխելով իր նախկին դիրքորոշումը եւ չեղյալացնելով կարեւոր խոչընդոտը հաջորդ շաբաթվա սկզբին քվեարկությունից առաջ, տեղեկացրել է Reuters-ը։

ԵՄ արտաքին գործերի նախարարները երկուշաբթի կհավաքվեն Լյուքսեմբուրգում, որտեղ, ինչպես նրանք ակնկալում են, վերջնականապես կհամաձայնեցվի միության պատժամիջոցների 19-րդ փաթեթը Մոսկվայի դեմ՝ Ուկրաինա նրա ներխուժման պատճառով։

Այս ամիս ավելի վաղ Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ փաթեթի ընդունումը կանգնեցվել է, քանի որ Ավստրիան ԵՄ-ից պահանջում էր ապասառեցնել ռուսական որոշ ակտիվներ՝ որպես փոխհատուցում ավստրիական Raiffeisen Bank International-ին՝ Ռուսաստանի մտցրած տուգանային պատժամիջոցների դիմաց։

Բայց ԵՄ մյուս երկրների կառավարությունները չէին համաձայնի դրան։ Այս փաթեթը ԵՄ 27 անդամ պետությունների միահամուռ աջակցության կարիքն ունի։

«Ավստրիան աջակցում է Ռուսաստանի վրա ճնշման գործադրմանը եւ երկուշաբթի հավանություն կտա պատժամիջոցների 19-րդ փաթեթին»,- նշվել է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։

Պատժամիջոցների փաթեթը ներառում է մի շարք էներգետիկ եւ ֆինանսական միջոցներ, ներառյալ ռուսական հեղուկացված գազի մատակարարման արգելքը 2027թ․ հունվարի 1-ից՝ ժամկետը տեղափոխելով 2028թ․ հունվարի 1։

Սլովակիան եւս վերապահումներ ունի այս հարցում, բայց ԵՄ չորս դիվանագետ հայտնել է, որ ակնկալվում է, որ երկուշաբթի Եվրահանձնաժողովը կհրապարակի նամակ, որում կդիտարկվեն Սլովակիայի մտահոգությունները։