«Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչությունն իրականացնողներին զենք մատակարարողներից մեկը, մինչև քրեական գործով ձերբակալվելը, խուսափել է ոստիկանական ստուգումներից՝ օգտագործելով ՌԴ քաղաքացու կեղծ անձնագիր, այդ թվում՝ ռուսաստանյան մարզերով տեղաշարժվելիս։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դատական գործընթացի մասնակիցը, որն ընթանում է Արևմտյան երկրորդ օկրուգային զինվորական դատարանի արտագնա նիստում։

«Գործի գրավոր նյութերի ուսումնասիրության ընթացքում դատարանում հայտնի է դարձել, որ մեղադրյալներից մեկը ռուսաստանյան մարզերով տեղաշարժվելու համար բազմիցս օգտագործել է ՌԴ քաղաքացու կեղծ անձնագիր։ Այսպիսով, նա խուսափել է ոստիկանության և այլ մարմինների բոլոր ստուգումներից», - ասել է գործակալության զրուցակիցը։

Ընդ որում, նա չի հստակեցրել, թե ահաբեկիչներից որ մեկն է օգտագործել կեղծ փաստաթուղթը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ումեջոն Սոլիևը, Զուբայդուլո Իսմոիլովը և Շահրոմջոն Գադոևը, ինչպես նաև Տաջիկստանի երկու քաղաքացի՝ Մուստակիմ Սոլիևը և Հուսեյն Համիդովը, ահաբեկչության չորս կատարողներին ապահովել են հրազենով։ Առաջին երեք անձինք ձերբակալվել էին անցյալ տարվա մարտի 31-ին Կասպիյսկի և Դաղստանի այլ մարզերի տարածքում անցկացված հատուկ գործողության ընթացքում։ Ի սկզբանե նրանց խափանման միջոց էր ընտրվել կալանքը Դաղստանում, սակայն հետո տեղափոխվել են Մոսկվա՝ քննչական գործողություններ իրականացնելու համար։

Ինչպես պարզել է քննությունը, 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի մարտի 16-ը մեղադրյալներն ապօրինի ձեռք են բերել, փոխադրել և պահել առնվազն երկու Կալաշնիկովի ինքնաձիգ, Մակարովի ատրճանակ և դրանց փամփուշտներ։ Սոլիևը, Իսմոիլովը և Գադոևը 2024 թվականի մարտի 24-ից 27-ը, արդեն «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, պատրաստել են ինքնաշեն պայթուցիկ սարք, որի օգտագործմամբ նախատեսում էին ահաբեկչական գործողություն իրականացնել Դաղստանի Կասպիյսկ քաղաքի առափնյա հատվածում, ասվում է փաստաթղթերում։

Նրանց, ինչպես նաև Մոսկվա տեղափոխված Տաջիկստանի քաղաքացիների և այլ չպարզված անձանց նկատմամբ հարուցվել և մեկ վարույթում միացվել է ինը քրեական գործ, որոնց մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 1-ին մասի և 205-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի (ահաբեկչության նախապատրաստում), 205.5-րդ հոդվածի 2-րդ մասի (ահաբեկչական կազմակերպությանը մասնակցություն), 222-րդ հոդվածի 4-րդ մասի (կազմակերպված խմբի կողմից զենքի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, իրացում, պահում, փոխադրում, առաքում կամ կրում) և 223.1-րդ հոդվածի 3-րդ մասի (պայթուցիկ նյութերի ապօրինի պատրաստում, պայթուցիկ սարքերի ապօրինի պատրաստում, վերափոխում կամ վերանորոգում կազմակերպված խմբի կողմից) համաձայն։

Այս անձինք ոչ ուշ, քան 2023 թվականի նոյեմբերին անդամակցել են «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորմանը, որը «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումն է, որը Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 29-ին ճանաչվել է ահաբեկչական, և դրա գործունեությունն արգելված է երկրի տարածքում։

2024 թվականի մարտի 22-ի երեկոյան մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի է ունեցել ահաբեկչություն։ Զոհվել է 145 մարդ, այդ թվում՝ 6 երեխա, տուժել է ավելի քան 500 մարդ։ Քննության տվյալներով, ահաբեկչության գործով քրեական պատասխանատվության է ենթարկվել 27 մարդ, այդ թվում՝ 4 անմիջական կատարող։