ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի խոշոր ավտոմայրուղին շաբաթ օրը փակվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Ծովային հետևակի կորպուսը հրետանային գնդակոծություն է իրականացրել ճանապարհի վրա՝ իր 250-ամյակին նվիրված արարողության շրջանակում, որին ներկա է եղել փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հայտնում է AFP-ն։

Միջպետական 5-րդ մայրուղու 27 կիլոմետրանոց հատվածի փակումը, որը կապում է Լոս Անջելեսը և Սան Դիեգոն, մի քանի ժամով դժվարացրել է երթևեկությունը և հերթական տարաձայնությունը առաջացրել Կալիֆոռնիայի լիբերալ նահանգապետի և Սպիտակ տան միջև։

«Նախագահն իր էգոն դասում է պատասխանատվությունից վեր՝ անտեսելով հանրային անվտանգությունը, - ասել է նահանգապետ Գևին Նյուսոմը՝ Թրամփի հաճախակի քննադատը։ - Մարտական փամփուշտներով կրակելը բանուկ մայրուղու վրա ոչ միայն սխալ է, այլև վտանգավոր»։

Շաբաթ օրը միջպետական մայրուղու ցուցանակները զգուշացնում էին. «Մարտական զենք մայրուղու վրա»։ Ավտոմայրուղին փակելու հրամանը ստացվել է այն բանից հետո, երբ Կալիֆոռնիայի ճանապարհային պարեկության աշխատակիցները զգուշացրել էին, որ վերևից թռչող մարտական արկերը կշեղեն վարորդներին միջպետական 5-րդ մայրուղու և օվկիանոսի ափին գտնվող Քեմփ-Փենդլթոնի միջև ընկած հատվածում։ Իր հայտարարության մեջ Ծովային հետևակի կորպուսը պնդել է, որ հանրության համար ոչ մի ռիսկ չկա։

Ծովային հետևակի լայնածավալ զորավարժությունները ներառել են կործանիչների թռիչքներ, դեսանտային նավեր, պայթյուններ՝ նմանակված գյուղում, և ծովային կոմանդոսների իջեցում Խաղաղ օվկիանոս՝ ուղղաթիռներից։

Ծովային հետևակի ցուցադրությունը տեղի է ունեցել նույն օրը, երբ միլիոնավոր մարդիկ դուրս էին եկել Միացյալ Նահանգների մի ափից մինչև մյուսը՝ բողոքելու Թրամփի վարչակազմի կոշտ քաղաքականության դեմ, որը ներառում էր բազմազանության և արդարության ապահովման ծրագրերի չեղարկումը։

Հունիսին Թրամփը Ազգային գվարդիայի զորքեր էր ուղարկել Լոս Անջելես՝ աջակցելու դաշնային պաշտոնյաներին լայնածավալ ներգաղթի ռեյդեր անցկացնելու և տեղական բողոքները ճնշելու համար։ Տեղակայումը, որին մասնակցում էին նաև հարյուրավոր ծովային հետևակայիններ, քննադատության էր արժանացել Նյուսոմի և տեղական պաշտոնյաների կողմից, որոնք պնդում էին, որ համեմատաբար փոքր ցույցերը հեշտությամբ կարող էին վերահսկվել քաղաքի և նահանգի իրավապահ մարմինների կողմից։