Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարծում է, որ 18 տարեկան բոլոր տղամարդկանց համար պարտադիր բժշկական զննումը՝ զինվորական ծառայության պիտանելիության կատեգորիան որոշելու նպատակով, զսպող գործոն կդառնա Ռուսաստանի համար։ Քաղաքական գործչի հետ հարցազրույցը հրապարակվել է հոկտեմբերի 19-ին՝ կիրակի օրը, Bild am Sonntag թերթում։
«Եթե մենք նորից զննում անցկացնենք նույն տարիքի բոլոր տղամարդկանց համար և տվյալներ հավաքենք զինվորական ծառայությանը պիտանի բոլորի մասին, դա կնկատվի նաև Ռուսաստանում։ Այլ կերպ ասած՝ դա նույնպես զսպող գործոն է», - հայտարարել է նա։
Ըստ նրա, մինչև 2027 թվականի կեսերը Գերմանիան պատրաստ կլինի։ «Այն ժամանակ մենք կկարողանանք նորից անցկացնել բժշկական զննումներ ամբողջ երկրում», - ավելացրել է նա։
Բունդեսվերն ուժեղացնելու համար Գերմանիայի պաշտպանության նախարարն օրինագիծ է մշակել բանակի համալրման նոր կանոնների մասին։ Օրինագիծը չի ենթադրում Գերմանիայում զինապարտության անհապաղ վերականգնում։ Փաստաթղթի համաձայն, 2026 թվականից Գերմանիայի բոլոր երիտասարդ քաղաքացիներին կուղարկվեն հարցաթերթիկներ՝ Բունդեսվերում ծառայելու ցանկության մասին։ Հարցաթերթիկի լրացումը պարտադիր կլինի տղամարդկանց համար և կամավոր՝ կանանց համար։ Համապատասխան թեկնածուները կհրավիրվեն ընտրության ընթացակարգի։
2027 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ բոլոր 18-ամյա պատանիները կհրավիրվեն պարտադիր բժշկական զննման՝ զինվորական ծառայության պիտանելիության կատեգորիան որոշելու համար, նույնիսկ եթե նրանք չորոշեն կամավոր ծառայել բանակում։ Այսպիսով, ԳԴՀ պաշտպանության նախարարությունը ենթադրում է տվյալներ ստանալ զորակոչային տարիքի տղամարդկանց՝ բանակում ծառայության պիտանելիության մասին։
Միայն այն դեպքում, եթե կամավոր զինվորական ծառայություն անցնել ցանկացողների թիվը բավարար չլինի կամ Գերմանիայում անվտանգության իրավիճակը զգալիորեն սրվի, կիրականացվի անցում զինվորական պարտականության։
Քրիստոնեա-դեմոկրատական միության, Քրիստոնեա-սոցիալական միության (ՔԴՄ/ՔՍՄ) և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միջև դեռևս տարաձայնություններ կան զորակոչի մասին նոր օրենքի պատճառով։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է այն բանին, թե ինչ մեխանիզմներ պետք է գործեն, եթե բավարար թվով կամավորներ չգտնվեն։ Պիստորիուսի կարծիքով, Բունդեսթագը պետք է որոշի՝ ընտրությունն անել վիճակախաղի սկզբունքով։
Պիստորիուսի համար կարևոր է, որ հնարավորինս երկար շեշտը դրվի հավաքագրման կամավորության վրա, գրում է «Գերմանական ալիքը»։