Իսրայելը կիրակի օրը Գազայի վրա ավիահարվածներ է հասցրել այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները հակատանկային հրթիռներ են արձակել իսրայելցի զինվորների ուղղությամբ, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։ Բախումները դարձել են ամենալուրջ սրացումը հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր, գրում է Axios պարբերականը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է կանխել հետագա միջադեպերը, որոնք կարող են հանգեցնել համաձայնագրի ձախողմանը։

«Մենք գիտեինք, որ դա հասունանում է։ Եվ որքան երկար թույլ տրվի այս տղաներին հարձակվել միմյանց վրա, այնքան ավելի շատ նրանք կհարձակվեն իրար վրա»,- Axios-ին ասել է Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան տեղական ժամանակով, երբ ՀԱՄԱԱՍ-ի զինյալները դուրս են եկել թունելից Ռաֆահի շրջանում, որը դեռևս հիմնականում վերահսկվում է իսրայելական զորքերի կողմից, և հակատանկային հրթիռ են արձակել Իսրայելի պաշտպանության բանակի ավտոմեքենայի ուղղությամբ։

Ի պատասխան այս միջադեպի, Իսրայելի պաշտպանության բանակը մոտ 20 ավիահարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին Ռաֆահի շրջանում և Գազայի այլ հատվածներում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը խախտել է հրադադարը և խոստացել է վճռական պատասխան տալ։

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հերքում է Ռաֆահի միջադեպի հետ որևէ առնչություն և ընդգծում, որ լիովին հավատարիմ է հրադադարի ռեժիմին։

«Մեզ հայտնի չէ Ռաֆահի շրջանում տեղի ունեցող որևէ միջադեպի կամ բախման մասին, քանի որ դրանք Իսրայելի վերահսկողության տակ գտնվող գոտիներ են, և այնտեղ մնացած մեր խմբերի հետ կապն ընդհատված է»,- ասվում է խմբավորման ռազմական թևի հայտարարության մեջ։

ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների վկայությամբ, Իսրայելը նախապես տեղեկացրել է Թրամփի վարչակազմին հարվածների մասին՝ ամերիկյան հրամանատարական կենտրոնի միջոցով, որը հետևում է հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները հեռախոսազրույց են ունեցել Իսրայելի նախարար Ռոն Դերմերի և այլ պաշտոնյաների հետ՝ համակարգման և հետագա քայլերի քննարկման համար, հայտնել է ամերիկացի պաշտոնյան։

Ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում Իսրայելին «համաչափ արձագանքել, բայց զսպվածություն ցուցաբերել»։

ԱՄՆ-ն Իսրայելին հայտարարել է, որ պետք է կենտրոնանալ ՀԱՄԱՍ-ին իր խախտումների և գործողությունների համար մեկուսացնելու վրա և արագորեն առաջ շարժվել Գազայում ՀԱՄԱՍ-ի այլընտրանք ստեղծելու ուղղությամբ, այլ ոչ թե պատերազմը վերսկսելու։

«Ոչ ոք չի ցանկանում վերադառնալ լայնածավալ պատերազմի։ Իսրայելցիները ցանկանում են ցույց տալ ՀԱՄԱՍ-ին, որ կան հետևանքներ՝ առանց խաղաղության համաձայնագիրը խաթարելու»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան։

Գազայում պատերազմը դադարեցնելու համաձայնագիրը նախագահ Թրամփի խոշոր դիվանագիտական նվաճումն է։ Վարչակազմը կարծում է, որ իրավիճակն այնքան լարված է, որ միայն խիստ վերահսկողությունը կարող է պահպանել փխրուն խաղաղությունը։ Թրամփի վարչակազմը զգալիորեն կուժեղացնի Գազայի հետ խաղաղության համաձայնագրի իրականացման իր վերահսկողությունը՝ համոզվելու համար, որ այն չի փլուզվի, ասում են ԱՄՆ պաշտոնյաները։ «Հաջորդ 30 օրը վճռորոշ կլինի,- ասել է ամերիկացի պաշտոնյան,- Այժմ մենք ենք պատասխանատու Գազայում կատարվողի համար, երբ խոսքը վերաբերում է համաձայնագրի իրականացմանը։ Մենք որոշումներ կկայացնենք»։

Ամերիկացի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ կիրակի օրվա բախումները հենց այն միջադեպերն են, որոնք նրանց անհանգստացնում էին և որոնց նրանք սպասում էին ներկայիս անցումային շրջանում։

Երկրորդ ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ անցյալ շաբաթ Թրամփի տարածաշրջան այցելելուց հետո և ՀԱՄԱՍ-ը, և Իսրայելը գործողություններ են ձեռնարկել, որոնք մտահոգություններ են առաջացրել համաձայնագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ։ ՀԱՄԱՍ-ը սկսել է վերականգնել իր իշխանությունը Գազայում և մահաբեր հարված է հասցրել իր մրցակիցներին։

Իսրայելցիները բազմիցս սպառնացել են դադարեցնել համաձայնագրի կատարումը այն պատճառով, որ ՀԱՄԱՍ-ը հապաղում է զոհված պատանդների մարմինները վերադարձնելու հարցում։ Տեղի են ունեցել միջադեպեր, երբ ՑԱՀԱԼ-ը խաղաղ պաղեստինցիների է սպանել շփման գծի երկայնքով։