Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ռոսսետի Սիբիր» հանրային բաժնետիրական ընկերության (ՀԲԸ) նախկին ղեկավար Պավել Ակիլինի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու փաստով, հայտնում է «Коммерсантъ»-ը։

Քննության վարկածով, հանցագործությունը կատարվել է Ակիլինի՝ գլխավոր տնօրենի պաշտոնում վեցամյա աշխատանքի վերջին օրը։

Քննության տվյալներով, Պավել Ակիլինը «Էներգոիմպուլս» ենթակապալառու ընկերության ղեկավարությունից ստացել է 2 մլն ռուբլի՝ որպես «ոսկե պարաշյուտ»։

Կաշառքը տրվել է «Էներգոիմպուլսի»՝ նախկինում կատարված պայմանագրերով պարտքերի առաջնահերթ վճարման համար՝ շրջանցելով «Ռոսսետի Սիբիր» ՀԲԸ-ի այլ կոնտրագենտներին։ Գումարը փոխանցվել է մինչև 2025 թվականի հուլիսը։

Ակիլինից բացի, քրեական գործի շրջանակներում են նաև ՍՊԸ առևտրային տնօրենի տեղակալ Անտոն Ստարոդուբցևը և «Ռոսսետի Սիբիր» ՀԲԸ-ի նախկին թոփ-մենեջեր Ռուսլան Նևոլինը։ Ստարոդուբցևը հանդես է եկել որպես կաշառք տվող, Նևոլինը՝ որպես միջնորդ։ Նաև գործով ավելի վաղ ձերբակալվել էր Ակիլինի նախկին տեղակալ Իգոր Պավլովը։ Սիբիրյան «Ռոսսետիի» նախկին ղեկավարի գործողություններից ընդհանուր վնասը գնահատվում է 1,5 մլրդ ռուբլի։