Ապագայում նոր երկրները կարող են ընդունվել Եվրամիություն՝ առանց ձայնի լիարժեք իրավունքի: Գաղափարի հեղինակները հույս ունեն, որ դա կօգնի վերացնել որոշ անդամ երկրների առարկությունները նորերի ընդունման դեմ, մասնավորապես՝ հաղթահարել Հունգարիայի վետոն Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ: Այս մասին գրում է Politico պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին:

Ենթադրվում է, որ նոր անդամ երկրները չեն ունենա ԵՄ-ում ընդունվող որոշումների վրա վետո դնելու իրավունք։ Ձայնի լիարժեք իրավունք նրանք կստանան այն բանից հետո, երբ Եվրամիությունը կիրականացնի որոշումների կայացման գործընթացի բարեփոխումը, ինչը ենթադրում է դաշինքի հիմնարար փաստաթղթերի վերանայում։

«Ապագա անդամ երկրները պետք է հրաժարվեն վետոյի իրավունքից, մինչև չիրականացվի [Եվրամիության] ինստիտուտների բարեփոխումը, ինչպես օրինակ՝ որակյալ մեծամասնության ներդրումը հարցերի մեծ մասի քվեարկության ժամանակ։ ԵՄ առանձին երկրներ չպետք է արգելակեն ընդլայնման գործընթացը՝ խոչընդոտելով բարեփոխումներին», - պարբերականին հայտնել է Բունդեսթագի (խորհրդարանի) պատգամավոր Անտոն Հոֆրայթերը։

Պարբերականի զրուցակիցներն ընդգծել են, որ քննարկումները դեռևս կրում են ոչ պաշտոնական բնույթ և գտնվում են նախնական փուլում, իսկ նման սխեմայի ներդրումը կպահանջի բոլոր անդամ երկրների հավանությունը։ Գաղափարը առաջ են մղում այն երկրները, որոնք աջակցում են դաշինքի հետագա ընդլայնմանը, ինչպես օրինակ՝ Ավստրիան և Շվեդիան։