Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին ուկրաինական հեռուստաընկերություններից մեկի եթերում ասել է, թե Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կատակները Վրաստանի եւ Ուկրաինայի նախագահների հասցեին «վիրավորում են ռուս ժողովրդին»:

«Պուտինը խոստացել էր ինձ կախել մարմնիս որոշ մասերից: Հիմա խոսում է իմ փողկապի մասին: Այդտեղ մի լավ նորություն կա. նա վեր է բարձրացել՝ հասնելով փողկապիս: Այսպես ես ինձ ավելի հանգիստ եմ զգում»,-"Էխո Մոսկվի" ռադիոկայանի փոխանցմամբ, ուկրաինական հեռուստատեսության եթերում ասել է Վրաստանի նախագահը:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին խորհուրդ էր տվել Վրաստանի նախագահի հետ ընթրիքին գնալ առանց փողկապի: «Փողկապներն այժմ թանկ են: Մեկ էլ տեսար… Դուք հասկանում եք: Հյուրը կարող է ուտել եւս մեկ փողկապ», — ասել էր Պուտինը՝ նկատի ունենալով հայտնի տեսագրությունը, երբ ռուս-վրացական պատերազմի օրերին, հեռախոսով խոսելիս, Միխեիլ Սահակաշվիլին ծամում էր սեփական փողկապը: