Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող այցը Հունգարիայի մայրաքաղաք՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար։

«Ինչ վերաբերում է Բուդապեշտին, ապա ոչ, դա տհաճ է... Տեսնել, որ մի մարդ, ում համար Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել, պատրաստվում է գալ եվրոպական երկիր», - նրան մեջբերում է Reuters-ը։ Կալասն այս մասին լրագրողներին ասել է Լյուքսեմբուրգում Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։

Նրա խոսքով, հարցն այն է, թե արդյոք հանդիպումը արդյունավետ կլինի, թե ոչ. «Ամերիկան շատ հնարավորություններ ունի Ռուսաստանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար և եթե նրանք օգտագործեն դրանք, ապա, իհարկե, լավ կլինի, որ Ռուսաստանն ավարտի պատերազմը»։

Եվրամիության երկիր Պուտինի հնարավոր այցի վերաբերյալ իրենց անհանգստությունն են հայտնել նաև Լիտվայի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարները։

Դոնալդ Թրամփը Պուտինի հետ Բուդապեշտում հանդիպելու պլանների մասին հայտարարել է հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 16-ին, Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել երկու ղեկավարներին Բուդապեշտում։ Հունգարիան այս տարվա գարնանը սկսել է Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու գործընթացը։