Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան, իր միջազգային գործընկերների հետ միասին, ավելի մոտ է Ռուսաստանի հետ պատերազմի հնարավոր ավարտին, հաղորդում է УНИАН-ը։ Նա դա հիմնականում կապել է ԱՄՆ նախագահ Թրամփի ջանքերի հետ։

Զելենսկին ընդգծել է, որ պատերազմը չի կարող արագ ավարտվել, քանի որ Ուկրաինան ավելի քան երեք տարի բախվում է ռուսական բանակի հետ։ «Սակայն աշխարհում ներկայում պատերազմի ավարտի ուժեղ քաղաքական պահանջարկ է ձևավորվում»,- նշել է նա։

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան 25 միավոր Patriot համակարգերի գնման պայմանագիր է պատրաստում։

Ըստ նրա՝ մատակարարումները կբաշխվեն մի քանի տարիների ընթացքում՝ համակարգերը կփոխանցվեն արտադրությանը զուգընթաց։ Սակայն, ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, Սպիտակ տունը կարող է արագացնել մատակարարումը, եթե քաղաքական կամք լինի։

«Ծրագրվում է գնումը ֆինանսավորել հիմնականում սառեցված ռուսական ակտիվների միջոցով, բայց քննարկվում են նաև այլ մեխանիզմներ՝ 28 երկկողմ անվտանգության համաձայնագրերի շրջանակում»,- պարզաբանել է նա։