Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կենսական նշանակություն ունեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպմանը։
Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության, Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության, ինչպես նաև տարբեր ռազմավարական ոլորտներում ապագա համագործակցության հեռանկարների հարցեր։
Արաղչին հաստատել է տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի, տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն մերժելու և դիվանագիտությունը որպես վեճերի լուծման միակ ճանապարհ դիտարկելու անհրաժեշտության մասին Թեհրանի դիրքորոշումը։
Իրանի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը տարածաշրջանում կայունության և համագործակցության նոր դարաշրջան կբացի։





























