Լիբիայի ֆինանսավորման գործով դատապարտված Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ժամանել է Փարիզի Լա Սանտե բանտ, հաղորդում է AP-ն։

Նա բանտ է գնացել կնոջ՝ մոդել Կարլա Բրունիի ուղեկցությամբ: Ըստ L'Internaute-ի՝ նախկին նախագահին ուղեկցել է նաև նրա փաստաբաններից մեկը՝ Քրիստոֆ Էնգրենը:

Նրա մեկնումից առաջ մարդիկ հավաքվել էին նախկին նախագահի տան դիմաց՝ Սարկոզիին աջակցելու համար. նրանք ձեռքերում պահել են ֆրանսիական դրոշներ՝ «Նիկոլա, շուտ վերադարձիր» կարգախոսներով։

«Այսօր առավոտյան ճաղերի հետևում բանտարկում են ոչ թե Հանրապետության նախկին նախագահին, այլ անմեղ մարդու», - գրել է Սարկոզին X-ում հրապարակված վերջին հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 21-ից 70-ամյա Սարկոզին մենախցում կսկսի կրել իր հնգամյա պատիժը։

Մի քանի օր առաջ գործող նախագահ Էմանուել Մակրոնը փակ հանդիպում ունեցավ Սարկոզիի հետ։ Մակրոնը շեշտեց, որ նման իրավիճակում «մարդկային» է իր նախորդի հետ հանդիպելը։

Սեպտեմբերի 25-ին դատարանը Սարկոզիին դատապարտել էր հինգ տարվա ազատազրկման՝ կալանքը հետաձգելով, 2007 թվականի նրա նախընտրական արշավի ժամանակ (նա այն ժամանակ առաջին անգամ էր առաջադրվում և հաղթեց) Լիբիայի իշխանությունների կողմից անօրինական ֆինանսավորման գործով հանցավոր դավադրության մեղադրանքով։

Նախկին նախագահը նաև տուգանվել է 100,000 եվրոյով և հինգ տարով զրկվել պետական ​​պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Սարկոզին դատավճիռը սխալ և Ֆրանսիայի համար նվաստացուցիչ է անվանել։

Սարկոզին Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007-ից մինչև 2012 թվականը։ Նա դարձավ ժամանակակից Ֆրանսիայի առաջին նախկին ղեկավարը, ով կալանավորվել է։

Փաստաբանի տվյալներով՝ նախկին նախագահը բանտում կանցկացնի երեք շաբաթից մինչև մեկ ամիս։ Սարկոզին վիճարկում է ինչպես մեղադրական դատավճիռը, այնպես էլ մինչև բողոքարկման քննարկումը նրան կալանքի տակ վերցնելու դատավորի որոշումը։