Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ պոտենցիալ հանդիպման համար թռչի այդ երկրի տարածքով, ապա նրա ինքնաթիռը կարող է հարկադիր վայրէջք կատարել՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) օրդերով Պուտինին ձերբակալելու համար։

«Մենք չենք կարող երաշխավորել, որ լեհական անկախ դատարանը չի հրամայի կառավարությանը իջեցնել նման հիպոթետիկ ինքնաթիռը՝ կասկածյալին Հաագայի դատարանին հանձնելու համար», - ասել է Սիկորսկին «Radio Rodzina»-ին տված հարցազրույցում, հաղորդում է «Reuters»-ը։

Վերջին հեռախոսազրույցի ընթացքում Թրամփն ու Պուտինը պայմանավորվել են հանդիպել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ։

Հունգարիայի հարևան բոլոր երկրները, բացառությամբ Սերբիայի, դադարեցրել են Ռուսաստանի հետ կանոնավոր օդային հաղորդակցությունը, բայց կարող են դիտարկել Ռուսաստանի նախագահին տեղափոխող ինքնաթիռին իրենց օդային տարածքով անցնելու թույլտվություն տալու հնարավորությունը։ Լեհաստանը սահմանակից չէ Հունգարիայի հետ։

Միջազգային քրեական դատարանի 2023 թվականի մարտին տրված օրդերով Պուտինը ենթակա է ձերբակալման, այն երկրներում, որոնք ստորագրել են այդ դատարանի կանոնադրությունը։

Սիկորսկին խոստովանեց, որ Պուտինը տեսականորեն կարող է խուսափել ԵՄ տարածքից մինչև Հունգարիա հասնելը (որը հայտարարել էր ՄՔԴ-ից դուրս գալու մասին, չնայած այս որոշումը դեռևս ուժի մեջ չի մտել), թռչելով Թուրքիայի, ծովի, Չեռնոգորիայի և Սերբիայի վրայով։ Ի դեպ, Սերբիան և Չեռնոգորիան նույնպես ՄՔԴ անդամներ են։